15 ապրիլ 2026
Արտադպրոցական ծրագիր, որի ընթացքում սովորողներն իրենք որոշում են դպրոցի բյուջեի մի մասի ծախսման ուղղությունը՝ մշակելով, ներկայացնելով և քվեարկելով սեփական նախագծերի օգտին։
«Դպրոցական մասնակցային բյուջետավորում» (ԴՄԲ) ծրագիրը «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի մշակած նորարարական կրթական նախաձեռնություն է, որը դպրոցականներին հնարավորություն է տալիս գործնական փորձի միջոցով մասնակցել դպրոցի բյուջեի մի մասի բաշխման վերաբերյալ որոշումների կայացմանը։
Ծրագիրը հիմնված է «սովորել՝ գործելով» և նախագծային ուսուցման (Project-Based Learning) մոտեցումների վրա. սովորողները բացահայտում են դպրոցի կամ համայնքի իրական կարիքները, մշակում և հանրությանն են ներկայացնում դրանց լուծմանն ուղղված նախագծեր, կազմում են իրատեսական բյուջե, քվեարկում և իրականացնում են հաղթող նախաձեռնությունները։
Այսպիսով դպրոցը վերածվում է համագործակցության, թափանցիկության և համատեղ ստեղծարարության հարթակի, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է դառնալ դպրոցի զարգացման ակտիվ մասնակից և փոփոխությունների նախաձեռնող։
Սույն ծրագիրը մշակվել է և իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ սեփական ռեսուրսներով։