Վանաձորի «Էվրիկա» դպրոցում ստորագրվեց հուշագիր. մեկնարկում է Հայաստանում առաջին դպրոցական մասնակցային բյուջետավորման ծրագիրը

2026թ. սեպտեմբերի 11-ին Վանաձորի «Էվրիկա» դպրոցում («Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ) ստորագրվեց համագործակցության հուշագիր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և «Էվրիկա» դպրոցի միջև։ Հուշագիրը ստորագրեցին կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը և Էվրիկա դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ջուլիետա Հովսեփյանը։

Փաստաթուղթը սահմանում է Կողմերի համագործակցության շրջանակը՝ «Դպրոցական մասնակցային բյուջետավորում» (ԴՄԲ) ծրագիրը դպրոցում պիլոտային կարգով իրականացնելու ուղղությամբ։ Սա Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամն է, երբ դպրոցական մասնակցային բյուջետավորումը գործնականում կիրականացվի հանրակրթական դպրոցում։

ԴՄԲ-ն ծրագիր է, որի ընթացքում սովորողներն իրենք ներգրավվում են դպրոցի բյուջեի մի մասի բաշխման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում. բացահայտում են դպրոցի կամ համայնքի կարիքները, մշակում և ներկայացնում սեփական նախագծերը, կազմում իրատեսական բյուջե, քվեարկում և իրականացնում հաղթող նախաձեռնությունները։ Ծրագիրը միտված է սովորողների մոտ քաղաքացիական ակտիվության, պատասխանատվության, նախաձեռնողականության, թիմային աշխատանքի և ֆինանսական գրագիտության հմտությունների զարգացմանը։

Ծրագիրը երաշխավորվել է գործածության ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և Էվրիկա դպրոցում պիլոտային կարգով կիրականացվի 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում։

Հուշագրի համաձայն՝ ողջ պիլոտավորման ընթացքում ՀԿ Կենտրոնը դպրոցին կտրամադրի անհրաժեշտ մեթոդական և փորձագիտական աջակցություն, ուսումնական ուղեցույցներ ու նյութեր, կկազմակերպի կարողությունների զարգացման դասընթացներ դպրոցի վարչակազմի, մանկավարժների, հանձնաժողովի անդամների և սովորողների համար, ինչպես նաև կաջակցի ծրագրի բոլոր փուլերի՝ գաղափարների ներկայացում, նախագծերի մշակում, հանրային ներկայացումներ, քվեարկություն, ֆինանսավորում և հաշվետվողականություն, կազմակերպմանը։

Առաջիկա շաբաթներին Էվրիկա դպրոցում կսկսվի ծրագրի նախապատրաստական փուլը՝ ԴՄԲ թիմերի ձևավորում և կարողությունների զարգացման դասընթացներ։

Սույն ծրագիրը մշակվել է և իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ սեփական ռեսուրսներով։