ԴՄԲ ծրագրի պիլոտավորումն ընդլայնվում է. Հուշագիր ստորագրվեց նաև Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի հետ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել նաև Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցի հետ։ Հուշագիրը ստորագրել են կազմակերպության և դպրոցի ղեկավար՝ տնօրեն Գագիկ Էմինյանը։

Փաստաթուղթը սահմանում է Կողմերի համագործակցության շրջանակը՝ «Դպրոցական մասնակցային բյուջետավորում» (ԴՄԲ) ծրագիրը դպրոցում պիլոտային կարգով իրականացնելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Վանաձորի «Էվրիկա» դպրոցից հետո թիվ 13 ավագ դպրոցը դառնում է ծրագրի պիլոտավորման երկրորդ դպրոցը Հայաստանում։

ԴՄԲ-ն ծրագիր է, որի ընթացքում սովորողներն իրենք ներգրավվում են դպրոցի բյուջեի մի մասի բաշխման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում. բացահայտում են դպրոցի կամ համայնքի կարիքները, մշակում և ներկայացնում սեփական նախագծերը, կազմում իրատեսական բյուջե, քվեարկում և իրականացնում հաղթող նախաձեռնությունները։ Ծրագիրը միտված է սովորողների մոտ քաղաքացիական ակտիվության, պատասխանատվության, նախաձեռնողականության, թիմային աշխատանքի և ֆինանսական գրագիտության հմտությունների զարգացմանը։

Ծրագիրը երաշխավորվել է գործածության ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և երկու դպրոցներում էլ պիլոտային կարգով կիրականացվի 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում։

Հուշագրի համաձայն՝ ողջ պիլոտավորման ընթացքում ՀԿ Կենտրոնը դպրոցին կտրամադրի անհրաժեշտ մեթոդական և փորձագիտական աջակցություն, ուսումնական ուղեցույցներ ու նյութեր, կկազմակերպի կարողությունների զարգացման դասընթացներ դպրոցի վարչակազմի, մանկավարժների, հանձնաժողովի անդամների և սովորողների համար, ինչպես նաև կաջակցի ծրագրի բոլոր փուլերի՝ գաղափարների ներկայացում, նախագծերի մշակում, հանրային ներկայացումներ, քվեարկություն, ֆինանսավորում և հաշվետվողականություն, կազմակերպմանը։