Շուրջ 10 մլն դրամ Լոռու 7 գյուղերի ու ընտանիքների սոցիալ-տնտեսական զարգացման համար

2022 թվականից ի վեր՝ շուրջ մեկ տարի Լոռու մարզի յոթ գյուղական բնակավայրերում (Ահնիձոր, Մարց, Լորուտ, Եղեգնուտ, Դեբետ, Դսեղ և Մարգահովիտ) իրականացնում է Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծում ծրագիրը Ֆինանսական մասնակցային մոտեցումը (ՖՄՄ), որի շրջանակներում հայտարարվել էր մրցույթ այդ գյուղերում բնակվող ընտանիքների միջև, որն ուղղված է եղել ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ու բնությանը համահունչ ապրելուն։

ՖՄՄ մյուս բաղադրիչով «Ինչպես բարելավել գյուղի կենսապահովման պայմանները կայուն եղանակով» թեմայով մրցույթ էր հայտարարվել թիրախ յոթ գյուղական բնակավայրերի միջև։

Մրցույթների ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցավ ս/թ օգոստոսի 16-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչները՝ ի դեպս հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանի։ Ներկա էին նաև Թումանյան համայնքի ղեկավար կազմը, Փամբակ համայնքի ներկայացուցիչները, թիրախ գյուղերի վարչական ղեկավարներն ու բնակիչները՝ 150-ից ավելի մասնակիցներ։

Միջոցառման առաջին մասում ընտանիքների միջև հայտարարված մրցույթի մասնակիցներին հնարավորություն տրվեց իրենց գաղափարները ներկայացնելու հանրության և ժյուրիի անդամների առաջ։ Մրցույթի մասնակիցների կեսից ավելին օգտվեց այդ առիթից և ներկայացրեց իր գաղափարը։

Այս մրցույթի շրջանակներում ներկայացվել էր 50-ից ավելի գաղափար թիրախ յոթ գյուղերի ընտանիքների կողմից։

Դրանց թեմատիկ շրջանակը ներառում սակայն չէր սահմանափակվում՝

  1. էկոտուրիզմ,
  2. զբոսաշրջային փորձառություն՝ ներառյալ մաստեր կլասեր, թեմատիկ տուրեր, կապված բնության, վայրի հավաքի, սննդի հետ,
  3. Վայրի հավաք (ուտելի խոտաբույսերի, թեյախոտերի, վայրի հատապտուղների, մրգերի, բանջարեղենի)․ մթերում, չորացում, մատակարարում հյուրընկալության ոլորտին (ռեստորաններ, հյուրանոցներին),
  4. վայրի հավաքի գործընթացի բարելավում կամ վայրի հավաքի հետ կապված փորձառություն, որը կհետաքրքրի զբոսաշրջիկներին,
  5. Արոտների, անտառների կամ այլ բնական ռեսուրսների կայուն օգտագործում,
  6. Մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի լուծում (արջերի, գայլերի և այլ կենդանիների հարձակումից առաջացած վնասներ):

Այս մրցույթի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները 200,000 ՀՀ դրամ, երկրորդ մրցանակային տեղ զբաղեցրած մասնակիցներին հատկացվեց 150,000 ՀՀ դրամ, իսկ երրորդ հորիզոնականում գտնվող մասնակիցները ստացան 100,000 ՀՀ դրամ ֆինանասական մրցականեր։ Այսպիսով յոթ գյուղերի հանրագումարով տրվեց 21 ֆինանսական մրցական հետևյալ բաշխումով՝

Մրցանակային տեղեր Եղեգնուտ Դսեղ Ահնիձոր Լորուտ Դեբետ Մարգահովիտ Մարց
Առաջին Զեփյուռ Առաքելյան Սիրամարգ Ղազարյան Հայկ Մաթևոսյան Անգին Ասատրյան Հասմիկ Պողոսյան Արսեն Մարտիրոսյան Սուսաննա Վարդանյան
Երկրորդ Սերյան Գալստյան Վարդան Շեկոյան Լուսինե Պողոսյան Վահագն Բեգլարյան Դիանա Կիրակոսյան Մարիաննա Սանթոյան Նորայր Արզույմանյան
Երրորդ Աննա Աղաջանյան Հայկուհի Գրիգորյան Իվան Քառյան Լիլիթ Մելիքյան Կարինե Նազլուխանյան Սվետլանա Բեկչյան Ռուզաննա Բարսեղյան

 

Օրվա երկրորդ մասում ամփոփվեց գյուղերի միջև հայտարարված մրցույթը։ Այս մրցույթի շրջանակներում ներկայացված գաղափարները պարունակում էին գաղափարներ հետևյալի մասին՝

  1. ինչպես ներդաշնակեցնել բնակավայրի կենսապահովման գործողությունները վտանգի տակ գտնվող բուսական և կենդանական տեսակների պաշտպանության հետ,
  2. ինչպես արդյունավետ լուծել մարդ-բնություն կոնֆլիկտները,
  3. ինչպես բնապահպանական նախաձեռնությունները զուգակցել բնակավայրի ու նրա բնակիչների զարգացման հետ, և, ընդհանուր առմամբ,
  4. ինչպես կապել համայնքի/բնակավայրի զարգացման տեսլականը՝ բնության կայուն օգտագործման և բնապահպանական տեսակետից անվտանգ գործունեության հետ։

Մրցույթի ներկայացված գաղափարները՝ բնակիչներն ու վարչական ղեկավարները ներկայացրեցին հանրության և ժյուրիի առաջ։ Այդ ներկայացումների հիման վրա էլ ժյուրին կայացրեց իր վերջնական ընտրությունը և մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝

  1. Առաջին հորիզոնական՝ Եղեգնուտ գյուղ, 2,000,000 ՀՀ դրամ,
  2. Երկրորդ հորիզոնական՝ Լորուտ գյուղ, 1,500,000 ՀՀ դրամ,
  3. Մյուս 5 բնակավայրերը (Մարգահովիտ, Դսեղ, Դեբետ, Մարց, Ահնիձոր) զբաղեցրեցին երրորդ հորիզոնականը և յուրաքանչյուրին տրվեց 850,000 ՀՀ դրամ մրցանակ։

 

Այսպիսով ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնի կողմից համակարգված Ֆինանսական մասնակցային մոտեցում Լոռու մարզում նախագծի արդյունքում յոթ գյուղական համայնքներում բնակվող 21 ընտանիքներին տրվեց ֆինանսական մրցանակներ՝ ընդհանուր առմամբ 3․150․000 ՀՀ դրամի չափով։

Իսկ գյուղերի միջև հայտարարված մրցույթի արդյունքում յոթ գյուղերին տրվեց ընդհանուր առմամբ 7․750․000 ՀՀ դրամի չափով ֆինանսական մրցականեր։