Փետրվարի 14-ին առցանց տեղի ունեցավ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և «ռեԱրմենիա» հարթակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիպում-դասընթացը։
Հանդիպման նպատակն էր՝ բարձրացնել բարեգործության ոլորտում գործունեություն ծավալող կառույցների իրազեկվածությունը առկա ռեսուրսների վերաբերյալ, հիմնվելով «ռեԱրմենիա» հարթակի օրինակի վրա։
Հանդիպմանը մասնակցում էին 50-ից ավելի մարդիկ, ովքեր հիմնականում ներկայացնում էին տեղական և համահայաստանյան սփռմամբ գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։ Մասնակիցների շարքում կային նաև Ջավախքի և Ֆրանսիայի հայկական համայնքներից։
Հանդիպման ընթացքում «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը խոսեց դրամահավաքներ իրականացնելու մոտեցումները, որոնք հիմնականում կիրառվում են Հայաստանում։ Ներկայացվեց հանրային դրամահավաքիների մեթոդները, ֆանդհայթայթման գործընթացքում համայնք կառուցելու և այն որպես ակտիվ իրացնելու կարևորությունը, քանի որ առանց ակտիվ համայնքի անհնար է հաջողել հանրային դրամահավաքը։
Հայկ Մաթևոսյանը, ով ղեկավարում է Ահնիձորի զարգացման հիմնադրամը նշում է, որ նրանք այժմ նախաձեռնել են համայնքի տարեցների համար զբաղվածության կենտրոնի ստեղծման աշխատանքները և ունեն որոշակի միջոցներ ներգրավելու կարիք, որպեսզի կենտրոնն ամբողջությամբ կարողանա աշխատել։ «Այս դասընթացից անմիջապես հետո ես գրանցել եմ հիմնադրամը «ռեԱրմենիա» հարթակում և նախաձեռնել ֆոնդհայթայթման նախագծի մշակման աշխատանքները։ Հուսով եմ, որ մեր գաղափարը կհայտնվի հարթակում և կկարողանանք միջոցներ ներգրավել։ Այս հանդիպումը և գիտելիքները, որոնք ստացա անասելի շատ կարևոր էին իմ, հիմնադրամի և մեր գյուղի համար»,-եզրափակելով իր խոսքը նշում է Հայկը։
Հանդիպման երկրորդ մասում Գևորգը խոսեց «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի հնարավորությունների մասին, մասնավորպես խոսվեց, թե ինչպե՞ս կարող են մարդիկ և կազմակերպությունները նախաձեռնել դրամահավաքներ հարթակի միջոցով, ինչպես կարող են որպես փորձագետ միանալ մեծ ցանցին և աջակցել տարբեր հարցերով խորհրդատվության կարիք ունեցող խմբերին և այլն։ Ապա «Մունք» տեխնոդպրոցի օրինակը դիտարկելով ներկայացվեց, թե ինչպես է հնարավոր հաջողել դրամահավաքը «ռեԱրմենիա» հարթակում։
Հանդիպումը հնարավոր է դարձել «Բարեգործության խթանման գործընկերություն» ծրագրի շրջանակներում։ Այս ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից և աջակցում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի հաստատման կենտրոնը (ECNL) INSPIRES ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինտերնյուսի և Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի (ICNL) կողմից: Բովանդակության պատասխանատվությունը պատկանում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի կենտրոնին և ՀԿ Կենտրոնին և պարտադիր չէ, որ արտահայտի USAID-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: