Դիլիջան ազգային պարկին հարակից թիրախային բնակավայրերի՝ Դիլիջան քաղաք, Աղավնավանք, Գոշ, Հաղարծին, Հովք, Խաչարձան, Թեղուտ, Սեմյոնովկա, Ծովագյուղ, Ֆիոլետովո բնակավայրերի համար
«Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի շրջանակներում իրականացվող «Դիլիջան ազգային պարկին հարակից համայնքներում Ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ) իրականացում» նախաձեռնության շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հայտարարում է ծրագրային առաջարկների մրցույթ։
Մրցույթի նպատակն է աջակցել այնպիսի համայնքային նախաձեռնությունների իրականացմանը, որոնք կնպաստեն բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը և բնական ռեսուրսների պահպանությանն ու կայուն օգտագործմանը։ Մրցույթին կարող են մասնակցել միայն վերը նշված բնակավայրերում ձևավորված աշխատանքային խմբերը՝ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ և աջակցությամբ։
Մրցութային առաջարկները կարող են ուղղված լինել հետևյալ խնդիրներից մեկի կամ մի քանիսի լուծմանը․
- համայնքների կլիմայական դիմակայունության և հարմարվողականության բարձրացում,
- էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից կայուն լուծումների ներդրում,
- գյուղատնտեսության և անասնապահության կայուն զարգացման խթանում,
- արոտավայրերի պահպանության և արդյունավետ կառավարման բարելավում,
- մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտների կանխարգելում կամ մեղմում,
- բնական ռեսուրսների նկատմամբ ճնշման նվազեցում և դրանց կայուն օգտագործման խթանում,
- համայնքային և սոցիալական ենթակառուցվածքների բարելավում,
- կայուն և էկոտուրիզմի զարգացման խթանում,
- համայնքի կարողությունների, գիտելիքների և մասնակցության զարգացում,
- համայնքի զարգացման և բնության պահպանության միջև փոխշահավետ և երկարաժամկետ լուծումների ներդրում։
Առաջարկվող ծրագրերը պետք է նպաստեն համայնքի առաջնահերթ խնդիրների լուծմանը, ունենան չափելի արդյունքներ, համապատասխանեն բնապահպանական և սոցիալական պահանջներին և ապահովեն ծրագրի արդյունքների շարունակականությունը ֆինանսավորման ավարտից հետո։
Մրցույթի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել մեկ հաղթող միկրոծրագիր յուրաքանչյուր բնակավայրում։ ՀԿ Կենտրոնը և գործընկեր կառույցներն իրենց իրավունք են վերապահում չֆինանսավորել ծրագրային առաջարկ որևէ բնակավայրում, եթե ներկայացված նախագծերը չհամապատասխանեն մրցույթի պայմաններին։ Այդ նպատակով խրախուսվում է յուրաքանչյուր բնակավայրից ներկայացնել առնվազն երկու ծրագրային առաջարկ։
Բոլոր ծրագրային առաջարկները նախքան մրցութային գնահատման փուլ անցնելը պետք է անցնեն Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակի (ESMF) համապատասխանության ստուգում։ Միայն համապատասխանության դրական եզրակացություն ստացած ծրագրերը կընդգրկվեն մրցութային գնահատման գործընթացում։
Մրցութային հայտի փաթեթը պետք է ներառի․
- Լրացված հայտադիմում՝ համաձայն սահմանված ձևաչափի,
- Մանրամասն բյուջե՝ համաձայն սահմանված ձևաչափի,
- Խմբի հանդիպումների մասնակիցների ցանկ, լուսանկարներ
- Համաֆինանսավորման կամ այլ ներդրման առկայության դեպքում՝ համապատասխան գրավոր հավաստում։
Ծրագրային առաջարկը պետք է մշակվի համայնքի բնակիչների, աշխատանքային խմբի և տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչների համատեղ մասնակցությամբ։
Հայտը պետք է ներկայացվի ՏԻՄ-ի կողմից և ստորագրված լինի վարչական ղեկավարի (կամ համայնքի ղեկավարի) կողմից, ինչպես նաև կրի համապատասխան կնիքը։
Գնահատման ընթացքում առավելություն կտրվի այն ծրագրային առաջարկներին, որոնք.
- արտացոլում են համայնքի առաջնահերթ կարիքները,
- մշակվել են համայնքի լայն մասնակցությամբ,
- ապահովում են համայնքի և շահառուների ակտիվ ներգրավվածությունը,
- ներառում են համայնքի, ՏԻՄ-ի կամ այլ գործընկերների ֆինանսական կամ ոչ ֆինանսական ներդրում,
- ունեն ծրագրի արդյունքների պահպանման և շարունակականության հստակ մեխանիզմներ։
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Ծրագրային առաջարկները կգնահատվեն հետևյալ չափանիշներով․
- Համապատասխանություն համայնքի կարիքներին և մասնակցային գնահատման արդյունքներին – 20 միավոր
- Բնապահպանական և սոցիալական պահանջների համապատասխանություն – 20 միավոր
- Տեխնիկական իրագործելիություն – 15 միավոր
- Սոցիալական ազդեցություն և ներառականություն – 15 միավոր
- Ծախսերի արդյունավետություն – 10 միավոր
- Կայունություն և ծրագրի արդյունքների շարունակականություն – 10 միավոր
- Համայնքի մասնակցություն և ներդրում – 5 միավոր
- Ինստիտուցիոնալ կարողություններ – 5 միավոր
Հաղթող կհամարվի ամենաբարձր գնահատական ստացած ծրագրային առաջարկը՝ պայմանով, որ այն և այն ներկայացրած աշխատանքային խումբը բավարարում են մրցույթի բոլոր պահանջներին և ստանում են բնապահպանական ու սոցիալական պահանջների համապատասխանության դրական եզրակացություն։
Եթե ամենաբարձր գնահատական ստացած ծրագրային առաջարկը կամ այն ներկայացրած աշխատանքային խումբը չի բավարարում սահմանված պահանջներին, ֆինանսավորումը կարող է տրամադրվել հաջորդ ամենաբարձր գնահատական ստացած համապատասխան ծրագրային առաջարկին և այն ներկայացրած աշխատանքային խմբին։
Մրցութային գնահատման փուլ կընդգրկվեն միայն այն ծրագրերը, որոնք կստանան դրական եզրակացություն բնապահպանական և սոցիալական պահանջների համապատասխանության ստուգման արդյունքում։
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ
Ծրագրի բոլոր գործողությունները պետք է ավարտվեն ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 30-ը։
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԲՅՈՒՋԵ
Մեկ ծրագրի համար տրամադրվող ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 8,000 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
Բյուջեն պետք է լինի իրատեսական, ծախսարդյունավետ և հիմնավորված։ Ֆինանսավորումը կարող է տրամադրվել միայն ծրագրի նպատակներին համապատասխան և թույլատրելի ծախսերի համար։ Թույլատրելի ծախսերը կարող են ներառել՝
- սարքավորումների, գույքի և պարագաների ձեռքբերում,
- ծրագրային գործողությունների իրականացման հետ անմիջականորեն կապված ծախսեր,
- ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ հիմնավորված ծախսեր։
Ֆինանսավորումը չի կարող օգտագործվել պարտքերի մարման, տուգանքների վճարման կամ շրջակա միջավայրին վնաս պատճառող գործունեության համար։
Նախապատվություն կտրվի այն ծրագրերին, որոնք ներառում են համայնքի, ՏԻՄ-ի կամ այլ գործընկերների ֆինանսական կամ ոչ ֆինանսական ներդրում։
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը, ժամը 23:59։
Հայտերի փաթեթը պետք է ուղարկել info@ngoc.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով․ «ՖՄՄ – [Բնակավայրի անվանում] – Ծրագրային հայտ»։ Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն լեզվով՝ սահմանված ձևաչափով։
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից բնակավայրերի աշխատանքային խմբերի անդամների, ՏԻՄ ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի համար կկազմակերպվեն.
- Տեղեկատվական առցանց հանդիպում – 10, հուլիսի, 2026թ., 14:00
Այս տեղեկատվական հանդիպման ընթացքում ՀԿ Կենտրոնի կողմից կներկայացվի հայտարարության փաթեթը և հնարավորություն կտրվի թիրախ բնակավայրերի ներկայացուցիչներին հարցեր ուղղելու։
Տեղեկատվական առցանց հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս գրանցաթերթը՝ https://forms.gle/8WMpVdg2DEjJB86c7
- Դեմ առ դեմ համատեղ ուսուցման հանդիպում – Հուլիս ամսվա 2-րդ կես (կհայտնենք լրացուցիչ)
Այս դեմ առ դեմ ուսուցման հանդիպումը տեղի կունենա Դիլիջան քաղաքում և կտևի կես օր։ Հանդիպման ընթացքում նախ ՀԿ Կենտրոնի թիմը կիրականացնի ծրագրի առաջարկ մշակելու դասընթաց, ապա յուրաքանչյուր բնակավայրի ներկայացուցիչներից կձևավորվեն խմբեր և տեղում ՀԿ Կենտրոնի թիմի մենթորությամբ կմշակվեն և կվերջնականացվեն թիմերի ծրագրային առաջարկները։ Այս ուսուցմանը մասնակցությունը պարտադիր է աշխատանքային խմբի անդամների համար։
ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Մրցույթի ընթացակարգերի կամ արդյունքների վերաբերյալ առարկությունները և բողոքները կարող են ներկայացվել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ info@ngoc.am
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՄՓՈՓՎԵՆ, ԵՎ ՀԱՂԹՈՂ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԵՆ մինչև 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ը։