Բաց կառավարման գործընկերություն. փորձի փոխանակում և կարողությունների զարգացում Վանաձորում

Ապրիլի 27-ին Վանաձորում տեղի ունեցավ տեղական բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ/OGP) զարգացմանը նվիրված դասընթաց և փորձի փոխանակում։ Մեկտեղելով ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչներին Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Արմավիրից և Մեծամորից՝ մենք ստեղծեցինք հարթակ՝ համատեղ սովորելու և լավագույն փորձը կիսելու համար։

Օրվա առաջին կեսին ՀԿ Կենտրոնի գրասենյակում անցկացվեց դասընթաց՝ «Մոնիթորինգի և գնահատման գործիքակազմի կիրառումը տեղական ԲԿԳ շրջանակներում» թեմայով։ Մասնակիցները ծանոթացան նոր մշակված Մոնիթորինգի և գնահատման շրջանակին, որի իմացությունը և կիրառումը թույլ կտա մասնակիցներին գնահատելու իրենց համայնքների կողմից ստանձնած հանձնառությունների կատարողականը։

Օրվա երկրորդ կեսին Վանաձորի համայնքապետարանում կայացավ փորձի փոխանակման հանդիպում։ Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը ներկայացրեց Վանաձորի ԲԿԳ առաջին գործողությունների պլանով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը, հաջողությունները, հաղթահարված խոչընդոտները և քաղված դասերը։ Ներկայացվեց նաև նոր գործողությունների պլանի մշակման գործընթացը։

 

Միջոցառումն իրականացվել է «Unlocking Progress. Վանաձորի և Գյումրիի ԲԿԳ գործողությունների ծրագրի վերանայում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի կողմից՝ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։