Հունիսի 21-ին տեղի ունեցավ «Բարեգործություն․ Երկխոսություն հանուն բարեփոխումների» խորագրով «Բաց տարածք» մեթոդով միջոցառումը։
Բաց տարածքը նպատակ ուներ մեկտեղելու ՀՀ-ում բարեգործության ոլորտի հիմնախնդիրներով մտահոգված քաղաքացիական հասարակության կառույցներին և անհատներին, որոշում կայացնողներին, գործարար հատվածին՝ միասին մտածելու, քննարկելու և բարեգործության մշակույթի խթանմանն ուղղված լուծումներ գտնելու համար:
Միջոցառմանը ներկա էին մասնակիցները ՀՀ գրեթե բոլոր նախարարություններից, վարչապետի աշխատակազմից, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի աշխատակազմից, տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքացիական հասարակության կառույցներից ու բիզնես սեկտորից։
Միջոցառման ընթացքում ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք կատարվել են մինչ այս կապված բարեգործական ոլորտի բարելավման հետ։
Ապա Իրինա Փահլևանյանը, ով Միջազգային առևտրային պալատի հայաստանյան գրասենյակի խորհրդի փոխնախագահն է խոսեց բարեգործական ոլորտում առկա խնդիրների ու միջազգային պրակտիկաների մասին, որոնց հաճախ առնչվում են բարեգործությամբ զբաղվող առևտրային կառույցները։
«ռեԱրմենիա» համագործակցության հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանը ներկայացրեց հարթակի հնարավորությունները՝ շեշտադրելով հատկապես երկարաժամկետ դրամահավաքների հնարավորությունը, որից կարող են օգտվել նաև ՔՀԿ-ները։
Ապա ՀԿ Կենտրոնի հանրային քաղաքականությունների բարեփոխումներին ուղղված առաջարկությունների մշակման փորձագետ Անի Սամսոնյանը ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք մշակվել են ջատագովության խմբի և միջազգային գործընկերների հետ քննարկումների արդյունքում։
Միջոցառման երկրորդ մասում մասնակիցները խմբերում քննարկեցին քաղաքականության փաստաթղթում ներառված առաջարկություններն ու դրանց ջատագովության գործողությունները, որոնք կարող են բերել ոլորտի լավացմանը։
Այս միջոցառումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով: Միջոցառումը կազմակերպվում է ՀԿ Կենտրոնի կողմից և աջակցում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի հաստատման կենտրոնը (ECNL) INSPIRES ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինտերնյուսի և Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի (ICNL) կողմից: Բովանդակության պատասխանատվությունը պատկանում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի կենտրոնին և ՀԿ Կենտրոնին և պարտադիր չէ, որ արտահայտի USAID-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: