Բաց կառավարման շաբաթվա շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և ՀՀ վարչապետի աշխատակազմի համագործակցությամբ, ՀՀ Կառավարությունում տեղի է ունեցել «Երկխոսություն հանուն առաջընթացի» խորագրով ֆորում, որը համախմբել էր համայնքահեն ՔՀԿ ներկայացուցիչներին և կառավարության պատասխանատուներին։
Միջոցառման հիմնական նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) շրջանակներում իրականացվող բարեփոխումներին և վարչապետի աշխատակազմի Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության ծավալած գործունեությանը։ Քանի որ այս վարչությունն է ապահովում կառավարություն-հանրություն երկխոսության մեխանիզմների զարգացումը և հանդիսանում ԲԿԳ ազգային համակարգողը, ֆորումը դարձավ կարևոր հարթակ մասնակցային կառավարման ու սոցիալական պատվիրակման մոդելների քննարկման համար։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Լիլյա Աֆրիկյանը և «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը։
Միջոցառման առաջին մասում Լիլյա Աֆրիկյանը ներկայացրեց ԲԿԳ նախորդ գործողությունների ծրագրերով իրականացված բարեփոխումների հետահայաց ամփոփումը։ Այնուհետև անդրադարձ կատարվեց ապագա հանձնառություններին, մասնավորապես՝ 2025-2027 թվականների գործողությունների ծրագրին և դրանից բխող առաջնահերթություններին։ Միջոցառման երկրորդ կեսը նվիրված էր ակտիվ հարց ու պատասխանին և բաց քննարկմանը, որտեղ ներկաները հնարավորություն ունեցան քննարկել կառավարություն-հանրություն երկխոսության մեխանիզմների զարգացման հեռանկարները։ Ֆորումն ամփոփվեց մասնակցային կառավարման մոդելների կիրառման և համայնքային կայուն զարգացմանն արդյունավետորեն նպաստելու պատրաստակամությամբ։