«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը միացել է Համաշխարհային ՀԿ օրվա (World NGO Day) Գլոբալ խորհրդին որպես գործադիր խորհրդական։ Գլոբալ խորհուրդը կամավոր հիմունքներով գործող միջազգային խորհրդատվական մարմին է։ Այն համախմբում է տարբեր ոլորտների առաջնորդների, որոնք աջակցում են նախաձեռնության զարգացմանը։ Արփինե Հակոբյանի պրոֆիլն արդեն հասանելի է worldngoday.org կայքում։
Համաշխարհային ՀԿ օրը նշվում է ամեն տարի փետրվարի 27-ին։ Այն նվիրված է քաղաքացիական հասարակության թիկունքում կանգնած մարդկանց։ Օրվա գաղափարը 2010 թվականին առաջ է քաշել լատվիացի Մարցիս Սկադմանիսը։ Նույն տարում Օրը ճանաչեցին Բալթիկ ծովի տարածաշրջանի 12 երկրները, իսկ 2014 թվականին այն առաջին անգամ նշվեց գլոբալ մակարդակով Հելսինկիում՝ ՄԱԿ-ի կառույցների և Եվրոպական միության մասնակցությամբ։ Այսօր Օրը նշվում է ավելի քան 140 երկրում և ավելի քան 90 լեզվով։
Իր ուղերձում Արփինե Հակոբյանը նշում է. «Համաշխարհային ՀԿ օրը հիշեցնում է, որ իրական փոփոխությունը սկսվում է մարդկանցից, և շատ հաճախ՝ համայնքներից։ Տեղական զարգացումը թղթի վրա գրված հասկացություն չէ։ Դա գործողություն է՝ իրական մարդկանց հետ, իրական համայնքներում։ Ամենակայուն լուծումները ծնվում են այն ժամանակ, երբ համայնքները ոչ թե պարզապես շահառուներ են, այլ փոփոխության ակտիվ գործընկերներ։ Փոփոխությունը սկսվում է համայնքներից։ Միասին մենք կարող ենք դրան տալ ավելի լայն ազդեցություն»։
ՀԿ Կենտրոնը հպարտ է, որ մաս է կազմում Համաշխարհային ՀԿ օրվա միջազգային համայնքին։