«Ընտրական մոդել». Ազգային ժողովի ընտրությունների սիմուլյացիոն խաղ Կրթական ձեռնարկ

«Ընտրական մոդել». Ազգային ժողովի ընտրությունների սիմուլյացիոն խաղ Կրթական ձեռնարկ, 2026

Ինչպե՞ս է ձևավորվում Ազգային ժողովը, ովքեր են մասնակցում ընտրական գործընթացին և ինչպես է պաշտպանվում ընտրողի ձայնը։ Այս հարցերի պատասխանները մասնակիցները գտնում են խաղի ընթացքում՝ անմիջական փորձի միջոցով։

«Ընտրական մոդել» ձեռնարկը նախատեսված է երիտասարդների, առաջին անգամ ընտրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։ Խաղի ընթացքում մասնակիցները վերարտադրում են խորհրդարանական ընտրությունների ամբողջ ճանապարհը՝ քարոզարշավից և բանավեճերից մինչև քվեարկություն և արդյունքների ամփոփում։ Նրանք հանդես են գալիս կուսակցությունների, ընտրական հանձնաժողովների, դիտորդների, լրատվամիջոցների, վստահված անձանց և ընտրողների դերերում, բախվում են իրական կյանքին մոտ մարտահրավերների և լուծումներ են փնտրում ընտրական օրենսդրության շրջանակում։

Խաղի մեթոդաբանությունը հիմնված է «ՄԱԿ-ի մոդել» և «Մոդել Հայաստան» խաղերի փորձի և Դեյվիդ Քոլբի փորձառական ուսուցման մոդելի վրա։ Մասնակիցները նախ խաղում են, ապա միասին վերլուծում ստացված փորձը։ Այսպես տեսական գիտելիքը վերածվում է կիրառելի հմտության։

Ձեռնարկում ներառված է այն ամենը, ինչ անհրաժեշտ է խաղը կազմակերպելու համար.

  1. ընթերցանության նյութեր յուրաքանչյուր դերի համար,
  2. խաղավարի մանրամասն ուղեցույց,
  3. պետության ելակետային անձնագիրը,
  4. քվեաթերթիկների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևանմուշներ։

Հեղինակներ՝ Վահե Խաչիկյան, Արևիկ Նավոյան

Ձեռնարկը հասանելի է այստեղ։

 

Ձեռնարկը մշակվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ Նոր Ժողովրդավարության հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ։