ՔՀԿ-ների ներգրավումը Հայաստանում քաղաքականության մշակման գործում․ Դեպքերի ուսումնասիրություն

Սույն ուսումնասիրությունն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ոչ կառավարական դերակատարների հզորացում` բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարելավման նպատակով» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում: Այս ծրագիրն իրականացվում է կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, որտեղ ղեկավար դերը ստանձնել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Ուսումնասիրությունն իրականացվել է «Նոր սոցիալական հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ի կողմից 2015թ. սեպտեմբեր- նոյեմբեր ամիսներին: Ուսումնասիրության ընդհանուր նպատակն է վերլուծել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) փորձը քաղաքականության երկխոսության մասնակցության գործում: Թեև այս ոլորտում մի շարք հետազոտություններ կան, ներառյալ «Ոչ կառավարական դերակատարների հզորացում` բարեփոխումների խթանման և հանրային հաշվետվողականության բարելավման նպատակով» ծրագրի շրջանակներում իրականացված «ՔՀԿ-ների ներգրավումը քաղաքականության մշակման և իրականացման մոնիթորինգի գործում. կարիքներ և կարողություններ» վերլուծությունը1, դեպքերի ուսումնասիրությունը այլընտրանքային ձևաչափով է ներկայացնում այս ոլորտում առկա փորձը: Մասնավորապես, դեպքերի ուսումնասիրությունը նկարագրում է շահերի պաշտպանության (ՇՊ) քարոզարշավների կազմակերպման և իրականացման ոլորտում առանձին ՔՀԿ-ների փորձը և օգտագործված մեխանիզմները՝ հնարավորություն տալով կիրառած ռազմավարությունների խորքային վերլուծություն իրականացնել: