Հուլիսի 10-ին «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախաձեռնությամբ և Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Ծովինար Վարդանյանի հետ համագործակցությամբ խորհրդարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում։
Քննարկմանը ներկա էին ՔՀԿ ոլորտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները։ Օրակարգի գլխավոր թեման ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի գործարկմամբ ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին սոցիալական հատկացումների համակարգի ներդրումն էր։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի ՀՀ հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների միջոցով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց փոխանցված դրամական միջոցները ներառել փոխհատուցվող «սոցիալական ծախսերի» շարքում:
Հանդիպման ընթացքում համատեղ դիտարկվեցին նախագծի գործնական ազդեցությանը, ենթաօրենսդրական կարգավորումներին և կիրարկման արդյունավետությանը վերաբերող ընթացիկ հարցեր։
ՀԿ Կենտրոնը շնորհակալություն է հայտնում տիկին Վարդանյանին արդյունավետ համագործակցության և բովանդակային քննարկումների համար։