ԹԵՄԱՏԻԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀՐԱՎԵՐ ՔՀԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը հանրային քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներին առավել արդյունավետ է, երբ այն հիմնված է մասնագիտական գիտելիքի, փաստերի, համատեղ դիրքորոշումների և համակարգված համագործակցության վրա։

Այդ նպատակով ՀԿ Կենտրոնի կողմից իրականացվող «Dialogue4Influence. Քաղաքացիական հասարակության մասնակցության և ազդեցության հզորացում հանրային քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակում կձևավորվեն 3 թեմատիկ աշխատանքային խմբեր, որոնք կմիավորեն ազգային և մարզային մակարդակներում գործող ՔՀԿ-ների ներկայացուցիչներին։

Թեմատիկ խմբերը կաշխատեն երեք փոխկապակցված ուղղություններով.

  • Պետական ֆինանսավորման մեխանիզմներ ՔՀԿ-ների համար
  • Հանրային ծառայությունների մոնիթորինգ ՔՀԿ-ների կողմից
  • Մասնակցային կառավարման խթանում. Այս ուղղությամբ կաշխատի արդեն ձևավորված ցանցը՝ CSOsNet-ը (Համայնքահեն կազմակերպությունների ազգային ցանց)։ Այս թեմայով աշխատանքային խմբին միանալու համար կազմակերպությունը պետք է դառնա Ցանցի անդամ։

 

Ի՞նչ է նախատեսվում.

Թեմատիկ աշխատանքային խմբերի անդամները կմասնակցեն նպատակային դասընթացների, գործնական աշխատարանների, հանդիպում-քննարկումների, հանրային քննարկումների, որոնց միջոցով կզարգացնեն հանրային քաղաքականության վրա ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ գործնական հմտությունները։

Խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու CSO4Progress և Dialogue4Progress բազմաշահառու երկխոսության հարթակներին, որտեղ ՔՀԿ-ների ներկայացուցիչները պետական մարմինների, ՏԻՄ-երի և այլ շահագրգիռ կողմերի հետ միասին կքննարկեն քաղաքականության առաջնահերթ հարցերը և կմշակեն համատեղ առաջարկներ։

Այս գործընթացում թեմատիկ խմբերի անդամները հանդես կգան որպես ակտիվ և մասնագիտական դերակատարներ՝ ներկայացնելով ՔՀԿ-ների դիրքորոշումները և նպաստելով քաղաքականությունների համատեղ մշակմանը։

 

Ո՞վ կարող է դիմել.

Հրավիրվում են մասնակցելու ազգային և համայնքային մակարդակներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք՝

  • հետաքրքրված են հանրային քաղաքականության և որոշումների կայացման գործընթացներով,
  • ցանկանում են ուժեղացնել իրենց ջատագովության և քաղաքական երկխոսության կարողությունները,
  • պատրաստ են համագործակցել այլ ՔՀԿ-ների հետ,
  • ունեն հետաքրքրություն պետական ֆինանսավորման, մասնակցային կառավարման կամ հանրային ծառայությունների մոնիթորինգի ուղղություններով։

Յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է ներգրավվել մինչև 3 անձ։ Նույն կազմակերպությունը կարող է ներգրավվել մեկից ավելի խմբերում։

Կարևոր. «Մասնակցային կառավարում» ուղղության համար. քանի որ այս թեմայով արդեն գործում է ձևավորված ցանց (CSOsNet), այս խմբին միանալու համար բավարար չէ պարզապես դիմել աշխատանքային խմբին միանալու համար։ Կազմակերպությունը պետք է դառնա Ցանցի պաշտոնական անդամ՝ ծանոթանալով և ստորագրելով Համագործակցության հայտարարություն-հուշագիրը և Էթիկայի ու թափանցիկության հռչակագիրը, ինչպես նաև լրացնելով կազմակերպության պրոֆիլը (Փաստաթղթերի word տարբերակները հասանելի են այստեղ)։ Անդամակցությունը հաստատվում է Համակարգողի (ՀԿ Կենտրոն) կողմից փաստաթղթերն ստանալուց հետո։

CSOsNet. Համայնքահեն կազմակերպությունների ազգային ցանցի անդամների ցանկը հասանելի է այստեղ։

 

Դիմելու համար կարող եք լրացնել ներգրավման հայտադիմումը մինչև 30-ը սեպտեմբերի 2026 թվական։

Ներգրավման հայտադիմում՝  https://forms.gle/D1GM8v6Dk7qYZo178

 

 

 

«Dialogue4Influence. Քաղաքացիական հասարակության մասնակցության և ազդեցության հզորացում հանրային քաղաքականության մեջ» ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿն` ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում: