Տեղի ունեցավ CapSLoc ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը

Փոփոխությունը տեղի է ունենում, երբ համայնքը ներգրավվում  է։ Ահա այս գաղափարի կյանքի կոչմանն է ուղղված «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրը։

Նոյեմբերի 14-ին Ախուրյան բազմաբնակավայր համայնքի Մայիսյան բնակավայրում տեղիունեցավ  Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինասավորմամբ իրականացվող «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը։

Մեկնարկի միջոցառմանը ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի ժողովրդավարության և կառավարման գրասենյակի կառավարման/ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, CapSLoc համընկերության անդամ կառույցների,  մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչներ և Ախուրյան բազմաբնակավայր համայնքի ակտիվ բնակիչներ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ողջույնի խոսքով հանդես եկավ և նշեց, որ նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս, որ համայնքները դառնան ավելի մրցունակ և կարողանան սեփական համայնք արտաքին ռեսուրսներ ներգրավեն ու զարգացնեն այն։

Մեկնարկի միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ ԱրթուրԴրամփյանը, ով շեշտեց, որ ծրագիրը կարող է հաջողության հասնել միայն համայնքային իշխանությունների և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով։ «Ուրախալի է տեսնել, որ երկու կողմերն էլ այսօր ներկա են դահլիճում»,- նշեց Ա. Դրամփյանը և բարի երթ մաղթեց ծրագրին։

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը վստահ է, որ նաև այս ծրագրի միջոցով Ախուրյանը կդառնա օրինակելի համայնք: «Արդեն փաստ է, որ «CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրը նոր շունչ տվեց Ախուրյան բազմաբնակավայր համայնքին: Մենք բաց ենք բոլոր այն ծրագրերի առաջ, որոնց առանցքում Ախուրյանն ու ախուրյանցու առաջընթացի տեսլականն է: Պատրաստ ենք աջակցել ձեզ ու ձեր կողքին լինել»,-ողջունելով ծրագրի մեկնարկը՝ նշեց  Զավեն Մանուկյանը:

Առաջին ալիքի Լուրերի ռեպորտաժը մեկնարկի միջոցառման մասին

«Մենք հավատում ենք, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կձևավորվի միասնականինքնություն, կառավարման առավել արդյունավետ համակարգեր, համայքնի սեփականությանբարձր զգացումով քաղաքացիներ, որոնք կլինեն հենց այն փոփոխությունը, որին իրենք ձգտումեն», – ողջույնի իր խոսքում նշեց ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը։

Ծրագրի մեկնարկային միջոցառման ժամանակ ներկայացվեցին իրականացված երկու կարևոր հետազոտությունների արդյունքներ՝ ելակետային հետազոտություն ուղղված Ախուրյան բազմաբնակավայր համայնքում «Քաղաքացիության ինդեքսի» գնահատում և  Ախուրյան համայնքի նյութական և ոչ նյութական ռեսուրսների/ակտիվների քարտեզագրում. քարտեզագրման ընթացքում կիրառվել է աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS), որը ճշգրիտ տվյալներ է տվել համայնքի նյութական ռեսուրսների մասին։

Քարտեզագրման արդյունքները կօգտագործվեն կարողությունների զարգացման մոդուլներ մշակելու, համայնքների զարգացման և մասնակցային կառավարման խթանմանն ուղղված տարբեր ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև համայնքների կառավարման գործընթացներին աջակցելու համար:

Առաջիկայում ծրագրի կողմից կշարունակվեն ախուրյանցիների կարողությունների զարգացման, արագ արձագանքման և ինստիտուցիոնալ հզորացման գործողությունների, որոնց շնորհիվ Ախուրյանը կդառնա ավելի կարողունակ և կայուն։

 

«CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

«CapSLoc Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿի և«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿի հետ համատեղ։