Oգոստոսի 28-ին տեղի ունեցավ հանրային քննարկում-հանդիպում, որը կազմակերպեց «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը՝ նվիրված ՀՀ պետական բյուջեի սոցիալական պաշտպանության ծրագրերի պլանավորմանն ու իրականացմանը։ Միջոցառումն անցկացվեց «Սոցիալական բյուջե. Երբ քաղաքացու ձայնը կարևոր է» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ՝ Աշխատանքի և զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը, Աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի և աշխատողի վարձատրության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Հարությունյանը և Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության փորձագետ Անահիտ Համզյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր։ Բացման խոսքով հանդես եկավ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը։
Հանդիպման առաջին մասում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության փորձագետ Անահիտ Համզյանը հակիրճ ներկայացրեց սոցիալական ոլորտի բյուջեի ձևավորման գործընթացի փուլերը։ Այնուհետև ՀԿ Կենտրոնի «Սոցիալական բյուջե. Երբ քաղաքացու ձայնը կարևոր է» ծրագրի փորձագետ Ղարիբ Հարությունյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում մշակված քաղաքականության առաջարկությունները՝ հիմնված երեք խոշոր պետական ծրագրերի (զբաղվածության, բնակարանային ապահովման և ճգնաժամային աջակցության) վերլուծության արդյունքների վրա։
2026թ. սոցիալական պաշտպանության բյուջեն կազմում է 993 մլրդ դրամ՝ պետբյուջեի ընդհանուր ծախսերի շուրջ 27%-ը, և թեև տարեկան կատարողականը կայուն կերպով գերազանցում է 97%-ը, դեռևս բացակայում է կայուն կապ ծախսերի ու շահառուների իրական կարիքների միջև։ Զեկուցողն առաջարկեց ութ առաջնահերթ ուղղություն և 2026-2028 թթ. ճանապարհային քարտեզ՝ ուղղված ծրագրերի կարիքահեն և արդյունքահեն կառավարմանը։
Ներկայացումից հետո տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան հստակեցնել առաջարկությունների մանրամասները, ինչպես նաև ԱՍՀ նախարարության մոտեցումներն ու առաջիկա պլանները։
Սույն միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական բյուջե. Երբ քաղաքացու ձայնը կարևոր է» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՀԿ Կենտրոն հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: