ՀԿ Կենտրոնը մասնակցել է ԱՍՀՆ 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրերի բյուջետային քննարկմանը

Մայիսի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպել էր 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի, ներառյալ՝ 2027 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների շրջանակում բյուջետային հայտերի քննարկումը՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) մասնակցությամբ: 

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից քննարկմանը մասնակցել է կազմակերպության երիտասարդ բյուջետային մասնագետ Նանե Մխիթարյանը։ Քննարկումն ուղղված էր  «Երեխաների հիմնահարցեր»,  «Կանանց հիմնահարցեր, ընտանեկան բռնության և մարդկանց թրաֆիքինգի զոհերին աջակցություն» և «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում» ծրագրերի 2027 թ․ բյուջետային գործընթացի, մասնավորապես՝ 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշները, բյուջետային հայտերի որակի գնահատման մեխանիզմներն ու արդյունքները, ինչպես նաև նոր նախաձեռնությունները։ 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրերի իրականացման արդյունավետությանը, շահառուների հասանելիության ապահովմանը՝ ընդգծելով, որ պետական ռեսուրսների արդյունավետ բաշխման գործընթացը կարևոր նախապայման է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցելու հասցեական և լիարժեք ծառայություններ։ 

Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել մասնակիցներին բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, խոսել մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման, խնամքի կազմակերպման նոր գործիքակազմի, պետություն-քաղհասարակության  համագործակցության ամրապնդման և այլ հարցերի շուրջ։