Տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարում․ կանայք և մասնակցությունը» խորագրով առցանց ֆորում

Կարևորելով տեղական ինքնակառավարման ոլորտը և հատկապես դրանում մասնակցության խնդիրներն, այդ թվում կանանց ներգրավման հարցերը ՀԿ Կենտրոնը դեկտեմբերի 6-ին կազմակերպել էր առցանց ֆորում, որի նպատակն էր նպաստել կանանց և տղամարդկանց եկխոսությանը՝ ոլորտային թեմաների վերաբերյալ քննարմների համար նպաստավոր միջավայր ստեղծելու միջոցով։

 

«Օրենսդրական նոր կարգավորումները հանդսիացան լրացուցիչ խթան որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության համար՝ հատկապես տեղական մակարդակում, սակայն օրենսդրական կարգավորումները միայն բավարար չեն և կարիք կա միջավայրի լավացման և փոփոխության», – բացման ելույթի իր խոսքում նշեց ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը։

Ֆորումի ընթացքում բացման ելույթով հանդես եկան նաև Ժաննա Հարությունյանը, ով ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի ղեկավարն է և Լիկա Մկրտչյանը, ով ԳՄՀԸ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատուն է։

 

Ժաննա Հարությունյանն իր ելույթում մասնավորապես ասաց,- «Այստեղ ակնկալում ենք, որ կլինի այլ որակի և ֆորմատի քննարկումներ, քանի որ սա առաջին փորձերից է մեզ համար, երբ հատկապես կանանց մասնակցության թեմաներով հարցերը քննարկում ենք տղամարդկանց հետ միասին և շատ ուրախ եմ, որ տարբեր համայնքներից ունենք ներգրավված տղամարդիկ, ովքեր կարևորում են այս հարցերը»։

 

«Շատ ուրախ եմ, որ նման հարթակում ՀԿ Կենտրոնը կարողացել է հավաքել այսքան տարբեր շրջանակներ ընդգրկող լսարան և վստահ եմ, որ կունենանք որակյալ երկխոսություն։ Կարևորելով այն հանգամանքը, որ բոլոր քաղաքացիների մասնակցությունն է էական, որպեսզի ժողովրդավարությունը կայանա և ունենանք լավ կառավարում, մենք միշտ խարխուսում ենք նմանատիպ երկխոսության հարթակները»,- իր խոսքում նշեց Լիկա Մկրտչյանը։

 

 

Ֆորումի ընթացքում շուրջ 60 մասնակիցները փոքր խմբերում քննարկումներ ծավալեցին հետևյալ թեմաների շուրջ՝

  • Կանայք քաղաքականության մեջ,
  • Կանանց առաջնորդությունը համայնքում,
  • Մասնակցային կառավարում,
  • Համամասնական ընտրակարգ տեղական մակարդակում,
  • Գենդերազգայուն քաղաքականությունները, որպես զարգացման նախապայման։

 

«Այսօրվա հանդիպումը կարևոր էր նրանով, որ ծանոթացանք այլ համայնքների աշխատանքներին և կարող ենք համեմատություն անել ու նոր լուծումներ մտածել մեր համայնքում առկա խնդիրների համար։ Ինչպես նաև ֆորումը առիթ հանդիսացավ, որ ֆորումին մասնակից մեր աշխատակազի անդամներով հանդիպումից հետո քննարկենք հետագա քայլերը՝ հաշվի առնելով այսօրվա քննարկման ընթացքում հնչած կարծիքներն ու տարբեր խնդիրների վերաբերյալ դիտարկումներն ու փորձը», – նշում է ֆորումի մասնակից Էլյանորա Միրզոյանըով աշխատում է Ապարանի համայնքապետարանում, որպես կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական աջակցության  բաժնի գլխավոր մասնագետ։

 

 

 

Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի շրջանակներում։ «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: