Ապրիլի 1-ին Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի կողմից հայտարարված «Մեր գյուղը և բնությունը» խորագրով շարադրությունների և նկարների բնապահպանական մրցույթի ամփոփիչ միջոցառումը:
Նախքան մրցույթի արդյունքների ամփոփումը Ահնիձորի երեխաները դպրոցի աշխատակազմի աջակցությամբ պատրաստել էին տեղեկատվական-գեղարվեստական միջոցառում, որը ներկայացրեցին համայնքի բնակիչներին: Միջոցառման ընթացքում երեխաներն անդրադարձան բնապահպանական խնդիրներին, իրենց համայնքի բնության գեղեցկությանը և դրա պահպանման կարևորությանը:
Միջոցառումից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿ Կենտրոնի «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» ծրագրի Լոռու մարզային համակարգող Սյուզան Հովսեփյանը՝ անդրադառնալով ծրագրի նպատակին, ընթացքին, հետագա քայլերին, մրցույթի անցկացման և ընտրության ընթացակարգին:
Միջոցառմանը ներկա էին նաև մրցութային աշխատանքները գնահատող ժյուրիի անդամները, համայնքի վարչական ղեկավարը, դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներն ու ծնողները:
Միջոցառման երկրորդ մասում երեխաներին հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց աշխատանքների հիմքում ընկած գաղափարը, ասելիքը, որից հետո տեղում կատարվեց վերջնական ընտրությունը և մրցանակային տեղերի բաշխումը: Նախնական գնահատման արդյունքներին գումարվեցին գաղափարի ներկայացման համար ժյուրիի կողմից տրված միավորները: Արդյունքում ժյուրիի որոշմամբ բոլոր մասնակից երեխաները ստացան դրամական մրցանակներ և հավաստագեր, իսկ մեկ երեխա ստացավ հատուկ մրցանակ:
Սույն մրցույթն իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում։