Օրերս Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի կողմից հայտարարված «Մեր գյուղը և բնությունը» խորագրով շարադրությունների և նկարների բնապահպանական մրցույթի ամփոփիչ միջոցառումը:
Նախքան մրցույթի արդյունքների ամփոփումը Մարգահովիտ գյուղի երեխաները գյուղական ակտիվ խմբի և տարածաշրջանային աշխատանքային խմբի անդամների նախաձեռնությամբ պատրաստել էին տեղեկատվական-գեղարվեստական միջոցառում, որը ներկայացրեցին համայնքի բնակիչներին: Միջոցառման ընթացքում երեխաներն անդրադարձան բնապահպանական խնդիրներին, իրենց համայնքի բնության գեղեցկությանը և դրա պահպանման կարևորությանը:
Միջոցառումից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿ Կենտրոնի «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» ծրագրի Լոռու մարզային համակարգող Սյուզան Հովսեփյանը՝ անդրադառնալով ծրագրի նպատակին, ընթացքին, հետագա քայլերին, մրցույթի անցկացման և ընտրության ընթացակարգին:
Մրցույթին մասնակցել են 6-18 տարեկան երեխաներ՝ 70 և ավելի աշխատանքով: Աշխատանքների գնահատումն իրականացվել է անկախ ժյուրիի կողմից: Գնահատման գործընթացում անաչառության սկզբունքը պահպանելու համար ժյուրիի անդամներին աշխատանքները հանձնվել են անանուն և կոդավորված։
Միջոցառման երկրորդ մասում երեխաներին հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց աշխատանքների հիմքում ընկած գաղափարը, ասելիքը, որից հետո տեղում կատարվեց վերջնական ընտրությունը և մրցանակային տեղերի բաշխումը: Նախնական գնահատման արդյունքներին գումարվեցին գաղափարի ներկայացման համար ժյուրիի կողմից տրված միավորները: Արդյունքում ժյուրիի որոշմամբ բոլոր մասնակից երեխաները ստացան դրամական մրցանակներ և հավաստագեր:
Մրցույթի ամփոփմամբ հայտարարվեցին հաղթող երեխաները։ Մարգահովիտ գյուղում ֆինանսական մրցականներ ստացան 20 երեխաներ, իսկ մյուս շուրջ 70 մասնակից երեխաները ստացան խրախուսական նվերներ։
Սույն մրցույթն իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում։