Մարտի 26-ին Լոռու մարզի Լորուտ գյուղի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի կողմից հայտարարված «Մեր գյուղը և բնությունը» խորագրով շարադրությունների և նկարների բնապահպանական մրցույթի ամփոփիչ միջոցառումը:
Նախքան մրցույթի արդյունքների ամփոփումը Լորուտ գյուղի երեխաները վարչական ղեկավարի գրասենյակի աջակցությամբ պատրաստել էին տեղեկատվական-գեղարվեստական միջոցառում, որը ներկայացրեցին համայնքի բնակիչներին: Միջոցառման ընթացքում երեխաներն անդրադարձան բնապահպանական խնդիրներին, իրենց համայնքի բնության գեղեցկությանը և դրա պահպանման կարևորությանը:
Միջոցառումից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿ Կենտրոնի «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» ծրագրի Լոռու մարզային համակարգող Սյուզան Հովսեփյանը՝ անդրադառնալով ծրագրի նպատակին, ընթացքին, հետագա քայլերին, մրցույթի անցկացման և ընտրության ընթացակարգին:
Միջոցառմանը ներկա էին նաև մրցութային աշխատանքները գնահատող ժյուրիի անդամները, համայնքի վարչական ղեկավարը և ծնողները:
Մրցույթին մասնակցել են 6-18 տարեկան երեխաներ՝ 50 և ավելի աշխատանքով: Աշխատանքների գնահատումն իրականացվել է անկախ ժյուրիի կողմից: Գնահատման գործընթացում անաչառության սկզբունքը պահպանելու համար ժյուրիի անդամներին աշխատանքները հանձնվել են անանուն և կոդավորված։
Նման միջոցառումները ոչ թե կարևոր են, այլ՝ անհրաժեշտ, նշում է Լորուտ գյուղի վարչական կենտրոնի օպերատոր Սոֆի Խաչիկյանը: «Սա հնարավորություն է տալիս առավել մոտիկից տեսնել մեր դերը բնության մեջ, էական պատկերացում ունենալ բնության, դրա պահպանման և կարևորության մասին»,-ամփոփելով իր խոսքը նշում է Սոֆին։
Միջոցառման երկրորդ մասում երեխաներին հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց աշխատանքների հիմքում ընկած գաղափարը, ասելիքը, որից հետո տեղում կատարվեց վերջնական ընտրությունը և մրցանակային տեղերի բաշխումը: Նախնական գնահատման արդյունքներին գումարվեցին գաղափարի ներկայացման համար ժյուրիի կողմից տրված միավորները: Արդյունքում ժյուրիի որոշմամբ բոլոր մասնակից երեխաները ստացան դրամական մրցանակներ և հավաստագեր, իսկ մեկ երեխա ստացավ հատուկ մրցանակ:
Մրցույթի ամփոփմամբ հայտարարվեցին հաղթող երեխաները։ Լորուտ գյուղում ֆինանսական մրցանակներ ստացան 21 երեխաներ, որոնցից չորսն առաջին, հինգը երկրորդ և 12-ն երրորդ տեղի համար։ Իսկ մյուս մասնակից երեխաները ստացան խրախուսական նվերներ։
Սույն մրցույթն իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում։