ԴԻՄԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՀՈւԼԻՍԻ 10-Ը
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն Հայաստանում «Էկոլոգիական միջանցքների ստեղծմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է բնապահպանական թեմայով գաղափարների մրցույթ՝ ընտանիքների միջև, որին կարող են մասնակցել Լոռու մարզի Մարգահովիտ, Եղեգնուտ, Դեբետ, Դսեղ, Մարց, Լորուտ, Ահնիձոր գյուղերից որևէ մեկում բնակվող ընտանիքները: Գաղափարները պետք է լինեն այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել գյուղական ընտանիքների ապրուստի պայմանները կայուն եղանակով, առանց վնասելու շրջակա միջավայրը։
Մրցույթին ներկայացվող գաղափարների շրջանակը՝
- Էկոտուրիզմ (հյուրանոց, ռեստորան, սրճարան կառուցել չառաջարկել):
- Զբոսաշրջային փորձառություն՝ ներառյալ մաստեր կլասեր, թեմատիկ տուրեր, կապված բնության, վայրի հավաքի, սննդի հետ (կարուձև, խեցեգործություն, կավագործություն, տարազներ չառաջարկել):
- Վայրի հավաք (ուտելի խոտաբույսերի, թեյախոտերի, վայրի հատապտուղների, մրգերի, բանջարեղենի)․ մթերում, չորացում, մատակարարում հյուրընկալության ոլորտին (ռեստորաններ, հյուրանոցներին), վայրի հավաքի գործընթացի բարելավում կամ վայրի հավաքի հետ կապված փորձառություն, որը կհետաքրքրի զբոսաշրջիկներին։
- Արոտների, անտառների կամ այլ բնական ռեսուրսների կայուն օգտագործում:
- Մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի լուծում (արջերի, գայլերի և այլ կենդանիների հարձակումից առաջացած վնասներ):
Գաղափարները պետք է լինեն՝
- Կայուն, բնության հետ համահունչ,
- Ներառական (ներառեն համայնքին, աշխատատեղ ստեղծեն կամ համայնքին եկամուտ ապահովեն և այլն),
- Աուտենտիկ՝ բնորոշ տվյալ բնակավայրին կամ մարզին,
- Սեզոնայնության նկատմամբ դիմակայուն։
Մրցույթի շրջանակներում յուրաքանչյուր բնակավայրից կընտրվեն առավել իրատեսական և նորարար գաղափարները, որոնք կհամապատասխանեն վերևում նշված չափանիշներին և կլինեն կենսունակ իրագործման համար։
Հետաքրքրված ընտանիքների համար նախատեսվում է կազմակերպել տեղեկատվական հանդիպումներ (առցանց կամ դեմ առ դեմ), որոնք կօգնեն մասնակիցներին իրենց գաղափարները մշակելու և ձևակերպելու հարցում։ Հանդիպումների գրաֆիկը կհրապարակվի հընթացս։ Ցանկալի է, որ տեղեկատվական հանդիպումներին մասնակցելուց առաջ ընտանիքներն արդեն ունենան որոշված կոնկրետ գաղափարներ, որոնց ձևակերպման վրա էլ կարող են աշխատել հանդիպման ընթացքում։
Նշում․ ՀԿ Կենտրոնի թիմը տրամադրելու է միայն տեխնիկական ձևակերպումների վերաբերյալ խորհրդատվություն։ Գաղափարների ընտրության, մրցունակության և այլ հարցերով ՀԿ Կենտրոնի թիմը չի կարող ցուցաբերել որևէ տեսակի բովանդակային աջակցություն։
Մրցույթի ֆոնդը.
Մրցույթի շրջանակներում հաղթող ճանաչված մեկ ընտանիքին կարող է տրամադրվել 100,000 ՀՀ դրամից մինչև 200,000 ՀՀ դրամի չափով մրցանակ։
Մրցույթի շրջանակներում նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել թիրախ բնակավայրերից առնվազն 21 ընտանիքների։
Գնահատումը.
- Գաղափարների գնահատումն իրականացվելու է անկախ ժյուրիի կողմից, որում ընդգրկված չեն թիրախ բնակավայրերից ներկայացուցիչներ։
- Ստացված գաղափարների գնահատումն իրականացվելու է երկու փուլով․ առաջին փուլը կհաղթահարեն մրցույթի տեխնիկական չափանիշներին համապատասխանող հայտերը։ Առաջին փուլը հաղթահարած հայտատու ընտանիքները հնարավորություն կստանան երկրորդ փուլի շրջանակներում ներկայացնել իրենց գաղափարները ժյուրիի անդամներին։ Արդյունքում ժյուրին կընտրի չափանիշներին համապատասխան գաղափարները, որոնք էլ կստանան ֆինանսական աջակցություն։
Գաղափարները պետք է ներկայացնեն ընտանիքները՝ լրացնելով առցանց ձևաչափը https://shorturl.at/agCQ5։
Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը (ներառյալ)։
Հարավային Կովկասում էկոմիջանցքների ծրագիրը (ԷՄՀ) իրականացվում է 2015թ. հունվարից Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից և ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով: Մրցույթները անց են կացվում «Ֆինանսակամ մասնակցային մոտեցման» մեթոդաբանությամբ: