Ահնիձոր գյուղում ամփոփվեց բնապահպանական թեմայով մրցույթը

Մարտի 26-ին Լոռու մարզի Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀԿ Կենտրոնի կողմից հայտարարված «Մեր գյուղը և բնությունը» խորագրով շարադրությունների և նկարների բնապահպանական մրցույթի ամփոփիչ միջոցառումը:

Նախքան մրցույթի արդյունքների ամփոփումը Ահնիձորի երեխաները դպրոցի աշխատակազմի աջակցությամբ պատրաստել էին տեղեկատվական-գեղարվեստական միջոցառում, որը ներկայացրեցին համայնքի բնակիչներին: Միջոցառման ընթացքում երեխաներն անդրադարձան բնապահպանական խնդիրներին, իրենց համայնքի բնության գեղեցկությանը և դրա պահպանման կարևորությանը:
Միջոցառումից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿ Կենտրոնի «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» ծրագրի Լոռու մարզային համակարգող Սյուզան Հովսեփյանը՝ անդրադառնալով ծրագրի նպատակին, ընթացքին, հետագա քայլերին, մրցույթի անցկացման և ընտրության ընթացակարգին:

Միջոցառմանը ներկա էին նաև մրցութային աշխատանքները գնահատող ժյուրիի անդամները, համայնքի վարչական ղեկավարը, դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներն ու ծնողները:
Մրցույթին մասնակցել են 6-18 տարեկան երեխաներ՝ 12 աշխատանքով: Աշխատանքների գնահատումն իրականացվել է անկախ ժյուրիի կողմից: Գնահատման գործընթացում անաչառության սկզբունքը պահպանելու համար ժյուրիի անդամներին աշխատանքները հանձնվել են անանուն և կոդավորված։
Միջոցառման երկրորդ մասում երեխաներին հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց աշխատանքների հիմքում ընկած գաղափարը, ասելիքը, որից հետո տեղում կատարվեց վերջնական ընտրությունը և մրցանակային տեղերի բաշխումը: Նախնական գնահատման արդյունքներին գումարվեցին գաղափարի ներկայացման համար ժյուրիի կողմից տրված միավորները: Արդյունքում ժյուրիի որոշմամբ բոլոր մասնակից երեխաները ստացան դրամական մրցանակներ և հավաստագեր, իսկ մեկ երեխա ստացավ հատուկ մրցանակ:

Ահնիձորի հիմնական դպրոցի գրադարանավար Սիրուշ Քառյանը նշում է, որ հրաշալի է նման ծրագրերի իրականացումը հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում, քանի որ նրանք ոգևորվում են, դառնում են ավելի հոգատար, ավելի նորարար, սկսում են մտածել ու գործել այն գաղափարով, որ յուրաքանչյուրս ենք կարևոր միջավայրի, որպես պարգև մեզ տրված բնության պահպանության համար։ «Երեխաները դառնում են բնության պահպանման լուսավոր ու հուսալի գաղափարակիրները, և շատ հաճախ իրենք են իրենց օրինակով փոխում ընտանիքի ու շրջապատի վերաբերմունքը բնության, մեր կյանքի որակի, ու դրանով իսկ` ավելի ընդգրկուն երևույթների նկատմամբ»,- իր խոսքն ամփոփելով նշում է Սիրուշը։

 

Սույն մրցույթն իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում։