Վանաձորի ԲԿԳ հանձնառությունների համաստեղծման հրավեր

Սիրելի՛ գործընկերներ և Վանաձոր համայնքի բնակիչներ,

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «Unlocking Progress. Վանաձորի և Գյումրիի ԲԿԳ գործողությունների ծրագրի վերանայում» ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառմանը։

Հանդիպումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 26-ին, ժամը 11:00-ից 17:00-ն, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ք. Վանաձոր, Շինարարների 12) ։

Միջոցառումն անցկացվելու է «Բաց Տարածք» մեթոդով, որի ընթացքում Վանաձոր համայնքի բնակիչները, ՏԻՄ ներկայացուցիչները, պետական գերատեսչությունները և քաղաքացիական հասարակության կառույցները միասին կքննարկեն և կհավաքագրեն առաջարկություններ Վանաձորի նոր գործողությունների պլանի մշակման համար։

Սա բացառիկ հնարավորություն է անմիջականորեն մասնակցելու խմբային քննարկումներին և ազդելու համայնքային որոշումների վրա։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև փետրվարի 23-ը ներառյալ այս հղումով:

Ի՞նչ է տեղական ԲԿԳ (OGP Local). Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) տեղական հարթակն ուղղված է համայնքային մակարդակում կառավարման թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը։ Այն ստեղծում է կամուրջ բնակիչների և տեղական իշխանությունների միջև, որպեսզի համայնքի զարգացման ծրագրերն ու որոշումները կայացվեն ոչ թե փակ դռների հետևում, այլ քաղաքացիների առաջարկների և անմիջական մասնակցության հիման վրա։

Գործնականում այս ամենը սկսվում է համատեղ ստեղծումից, երբ բնակիչներն ու ՏԻՄ-ը միասին ձևակերպում են կոնկրետ լուծումներ, որոնք դառնում են «հանձնառություններ»՝ հստակ խոստումներ, որոնք համայնքապետարանը պարտավորվում է կատարել որոշակի ժամկետում: Այնուհետև լավագույն հանձնառությունները ներառվում են համայնքի գործողությունների ծրագրում, իսկ դրանց իրականացմանն արդեն հետևում են թե՛ անկախ փորձագետները, թե՛ հենց բնակիչները՝ ապահովելով, որ յուրաքանչյուր կետ թղթից դառնա իրական փոփոխություն մեր առօրյայում: