Կառավարության կողմից հանրային քննարկմանը ներկայացված օրենսդրական նախագիծը կարող է ամրապնդել ՔՀԿ-ների և լրատվամիջոցների ֆինանսական կայունությունը և հանրային հաշվետվողականությունը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին փոխհատուցում ստանալ իրենց կատարած նվիրատվությունների համար։ Սակայն բարեփոխման արդյունավետությունը կախված կլինի ենթաօրենսդրական կարգավորումներից և իրականացման գործընթացից։

Ֆինանսների նախարարությունը փոփոխություններ է առաջարկել ՀՀ հարկային օրենսգրքում, որոնք կարող են նպաստել քաղաքացիների աջակցության միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և լրատվամիջոցների ֆինանսական կայունության ամրապնդմանը: Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային կազմակերպություններին կամ զանգվածային լրատվության միջոցներին անհատույց փոխանցված դրամական միջոցները ներառել փոխհատուցվող «սոցիալական ծախսերի» շարքում՝ կրթության, առողջապահության և բնակարանային ապահովման գծով ծախսերի հետ մեկտեղ: Նախագծի ընդունման և արդյունավետ իրականացման դեպքում այս բարեփոխումը կարող է դիվերսիֆիկացնել ՔՀԿ-ների և լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները, խրախուսել այս կազմակերպությունների հանրային հաշվետվողականությունը և խթանել քաղաքացիական մասնակցությունը:

Միևնույն ժամանակ, առայժմ դժվար է գնահատել այս նախագծի ազդեցությունը գործնականում, քանի որ շատ հարցեր կանոնակարգվելու են հետագա ենթաօրենսդրական կարգավորումների միջոցով: Օրենքի նախագիծը հստակություն չի տալիս այնպիսի էական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են փոխհատուցման սահմանաչափերը, փաստաթղթավորման ընթացակարգերը և շահառու ՔՀԿ-ների և լրատվամիջոցների շրջանակը, որոնք կսահմանվեն կառավարության որոշմամբ: Պարզ չէ նաև, թե արդյոք ՔՀԿ-ներին և լրատվամիջոցներին հատկացվող նվիրատվությունները բավարար չափով կխրախուսվեն գործնականում, քանի որ հարկատու անձինք կարող են նախընտրել փոխատուցում ստանալ ավելի առաջնահերթ սոցիալական ծախսերի համար, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը և բնակարանային ապահովման ծախսերը:

Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն քաղաքացիական հասարակության՝ տեղական աղբյուրներից ֆինանսական աջակցության ընդլայնմանը

ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս ՔՀԿ-ներին ֆինանսավորում փնտրել և ստանալ բոլոր օրինական աղբյուրներից: Սակայն ՔՀԿ-ների՝ տեղական աղբյուրներից ֆինանսավորումը սահմանափակ է մի շարք գործոնների պատճառով, այդ թվում՝ նվիրատվության թերզարգացած մշակույթը, ձեռնարկատիրական գործունեությամբ կամ բիզնեսից գումար հայթայթելու անբավարար կարողությունները, ինչպես նաև անհատների ​​և մասնավոր հատվածի կողմից նվիրատվությունների համար պետական խթանների բացակայությունը: Ներկայումս ՔՀԿ-ներին հատկացվող նվիրատվությունների դեպքում անհատների համար հարկային արտոնություններ չկան, իսկ մասնավոր ընկերություններին հատկացվող արտոնությունները սահմանափակ են։

 

2026 թվականի մայիսին հանրային քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծում Ֆինանսների նախարարությունը առաջարկել է փոփոխություններ կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 147.1 հոդվածում՝ անհատների կողմից ոչ առևտրային կազմակերպություններին և լրատվամիջոցներին կատարված նվիրատվությունները ներառելով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շարքում, որոնք ներկայումս վերաբերում են կրթության, առողջապահության և բնակարանային ապահովման համար կատարված ծախսերին: Սա կգործի համընդհանուր եկամտի հայտարարագրման համակարգի միջոցով, որը Հայաստանում ներդրվել է 2023 թվականից և պարտադիր է բոլոր քաղաքացիների համար՝ սկսած 2025 թվականի հաշվետու տարվանից: Ներկայումս քաղաքացիները կարող են իրենց սոցիալական ծախսերը հայտարարագրել եկամտի հայտարարագրման համակարգի միջոցով և ստանալ վճարված եկամտային հարկի մասնակի փոխհատուցում: Կրթության և առողջապահության ծախսերի ընդհանուր փոխհատուցումը ներկայումս չի կարող գերազանցել 100,000 դրամը մեկ հարկային տարվա համար: Առաջարկվող նախագծի ընդունմամբ ՔՀԿ-ների և լրատվամիջոցների որոշակի շրջանակին կատարված նվիրատվությունները կդիտարկվեն որպես փոխհատուցվող սոցիալական ծախսեր, ինչը հնարավորություն կտա անհատներին մասնակի փոխհատուցում ստանալ հաշվետու տարվա համար վճարված եկամտային հարկերից: Դեռևս պարզ չէ, թե արդյոք ՔՀԿ-ներին կամ լրատվամիջոցներին նվիրաբերված գումարի փոխհատուցումը կներառվի գործող սահմանաչափի շրջանակներում, թե նոր շեմ կսահմանվի։

Նախագիծը ներկայացնում է քաղաքացիների կողմից բարեգործության խթանման հնարավոր մոդել, որը թույլ կտա անհատներին անմիջականորեն աջակցել իրենց կողմից հանրայնորեն կարևոր համարվող կազմակերպություններին և լրատվամիջոցներին: ՔՀԿ-ներին և լրատվամիջոցներին կատարված նվիրատվությունները սոցիալական ծախսերի շարքում ներառելով՝ բարեփոխումը նաև խորհրդանշականորեն ճանաչում է քաղաքացիական հասարակությունը և անկախ լրատվամիջոցները որպես հանրային շահը սպասարկող կարևոր դերակատարներ:

Նոր հնարավորությունների իրականացումը դեռևս անորոշ է

Այս բարեփոխումը կարող է ամրապնդել ՔՀԿ-ների և լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը և հանրային հաշվետվողականությունը Հայաստանում՝ խրախուսելով կազմակերպություններին ավելի շատ հույս դնել քաղաքացիների վստահության և մասնակցության վրա և բարելավել իրենց թափանցիկությունն ու հաղորդակցման գործիքները։

Միևնույն ժամանակ, մեխանիզմի գործնական ազդեցությունը մնում է անորոշ։ Կիրարկման հետ կապված հիմնական հարցերը, այդ թվում՝ փոխհատուցման սահմանաչափերը, կազմակերպությունների շրջանակը և նվիրատվությունների ընթացակարգը կախված կլինեն կառավարության որոշմամբ սահմանվող կարգավորումներից, ինչը նշանակում է, որ առայժմ դժվար է գնահատել, թե որքանով մատչելի կամ արդյունավետ կլինի մեխանիզմը գործնականում։ Մտահոգություններ կան նաև, որ եթե սոցիալական ծախսերի բոլոր կատեգորիաների համար փոխհատուցման ընդհանուր սահմանաչափ կիրառվի, ՔՀԿ-ներին և լրատվամիջոցներին հատկացվող նվիրատվությունները մրցակցության մեջ կդրվեն ավելի առաջնահերթ փոխհատուցվող այնպիսի ծախսերի հետ, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը և բնակարանային ապահովումը։

Բարեփոխման հիմքում քաղաքացիական հասարակության երկարաժամկետ ջատագովությունն է

Ֆինանսական կայունությունը մշտապես մատնանշվել է որպես հայաստանյան քաղաքացիական հասարակության թույլ կողմերից մեկը, և ՔՀԿ-ների համար տեղական միջոցների հայթաթման հնարավորությունների զարգացումը տարիներ շարունակ եղել է Հայաստանի քաղաքացիական հասարակության օրակարգի մի մասը։ «ՔՀԿ չափիչ» ծրագրի Հայաստանի զեկույցները և այլ ոլորտային հետազոտությունները մշտապես ընդգծել են հարկային օրենսդրության բացերը՝ կապված բարեգործության և ներքին նվիրատվությունների սահմանափակ խթանների հետ։

Վերջին երկու տարիների ընթացքում այս հարցը ակտիվորեն քննարկվել է մոտ 30 ՔՀԿ-ներից բաղկացած ջատագովության կոալիցիայի միջոցով, որը համակարգվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից։ «Ոչ առևտրային կազմակերպությունների եվրոպական կենտրոնի» (ECNL) աջակցությամբ ՀԿ կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունը մատնանշել է Հայաստանում բարեգործության և ֆոնդահայթայթման ոլորտում առկա իրավական բացերը և եզրակացրել, որ գործող հարկային կարգավորումները բավարար չեն տեղական նվիրատվություններ կամ կայուն դրամահավաքի մեխանիզմներ խրախուսելու համար։ Հիմնվելով համապատասխան քաղաքականության փաստաթղթի վրա՝ «Ոչ առևտրային կազմակերպությունների եվրոպական կենտրոնի» (ECNL) և «ՔՀ չափիչ» ծրագրի աջակցությամբ, ՀԿ կներոնը ջատագովել է բարեգործական նվիրատվությունների խթանների ընդլայնումը՝ ՔՀԿ-ների համար այլընտրանքային ֆինանսավորման հնարավորությունները բարելավելու նպատակով։

Բարեփոխումների ընդունումը և արդյունավետ իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է հետագա ներգրավվածություն։

Փոփոխությունների նախագիծը կարևոր քայլ է Հայաստանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի բարելավման ուղղությամբ՝ տեղական ռեսուրսների մոբիլիզացման միջոցով։ Առաջարկվող մեխանիզմը կարող է դառնալ ավելին, քան պարզապես տեխնիկական հարկային բարեփոխում։ Քաղաքացիական հասարակության շատ գործիչների համար այն հնարավորություն է տալիս զարգացնել տեղական նվիրատվություններից ֆինանսավորումը, ընդլայնել քաղաքացիների ներգրավվածությունը ոչ առևտրային հատվածում և աջակցել Հայաստանում ավելի կայուն և հաշվետու քաղաքացիական հասարակությանը։

Թեև այս նախաձեռնությունը վկայում է ժողովրդավարության զարգացման գործում ՔՀԿ-ների և լրատվամիջոցների դերի աճող ընկալման մասին, դրա երկարաժամկետ նշանակությունը կախված կլինի հետագա ենթաօրենսդրական կարգավորումներից և նրանից, թե որքանով այս մեխանիզմը կլինի մատչելի, ներառական և զերծ խտրական սահմանափակումներից։ Հետևաբար, կարևոր է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հետևեն հետագա կարգավորումների մշակմանը և գնահատեն բարեփոխմամբ առաջարկվող հնարավորությունները ստեղծում կայուն և անկախ ֆինանսավորման համար։

Սկզբնաղբյուրը՝ ՔՀԿ չափիչի կայքում։