Քաղաքացիների ձայնը սոցիալական բյուջեում. կայացան առցանց քննարկումներ ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

Սույն թվականի մայիսի 14-ին և 15-ին «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն անցկացրեց առցանց քննարկումներ՝ «Սոցիալական բյուջե. երբ քաղաքացիների ձայնը կարևոր է» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Միջոցառման հիմնական նպատակն էր քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերին ներկայացնել ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի պետական բյուջեի մանրակրկիտ վերլուծությունը (2024թ. և 2025թ. ինն ամիսների կտրվածքով) և համատեղ ձևավորել ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկներ ու շահերի պաշտպանության ռազմավարական ուղղությունները։

Հանդիպումներին առցանց ձևաչափով միացան ավելի քան 35 ՔՀԿ ներկայացուցիչներ, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում ՀՀ տարբեր համայնքներում, ինչպես նաև սոցիալական ոլորտում։

Երկու օրերի հանդիպումների առանցքային քննարկումները ծավալվեցին 2024-2025 թվականների սոցիալական պաշտպանության բյուջետային հատկացումների արդյունավետության, պետական բյուջեում թիրախային խմբերի (մասնավորապես՝ բռնի տեղահանվածների) կարիքների արտացոլման, ինչպես նաև բյուջետային գործընթացներում քաղաքացիական մասնակցության հզորացման մեխանիզմների շուրջ։

Առցանց քննարկումների ընթացքում ստեղծվեց արդյունավետ երկխոսության հարթակ. մասնակիցները ոչ միայն մանրամասն ծանոթացան ներկայացված վերլուծությանն ու առաջարկների փաթեթին, այլև հանդես եկան սեփական դիտարկումներով ու գործնական շեշտադրումներով, որոնք կներառվեն շահերի պաշտպանության հետագա գործընթացներում:

 

Սույն միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական բյուջե. երբ քաղաքացիների ձայնը կարևոր է» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՀԿ Կենտրոն հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: