Տեղի ունեցավ սոցիալական ոլորտի բյուջետային վերլուծության արդյունքների ներկայացման հանրային քննարկումը

Հունվարի 12-ին Վանաձորում տեղի ունեցավ հանրային քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջետային վերլուծության արդյունքները։ Միջոցառումն իրականացվեց «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում տրամադրված «Բյուջետային վերլուծություն սոցիալական ոլորտում» ենթադրամաշնորհի շրջանակներում։ Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության միջոցառումների թափանցիկության և հանրային մասնակցության բարելավման հարցերն էին։

Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի և մարզի տարբեր համայնքապետարանների ներկայացուցիչներ, Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի գրասենյակի աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության զարգացման կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։ Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկան ՀԿ Կենտրոնի դրամաշնորհների ղեկավար, «Բյուջետային վերլուծություն սոցիալական ոլորտում» ծրագրի ղեկավար Սյուզան Հովսեփյանը և «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։ Այնուհետև ծրագրի բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետ Նանե Մխիթարյանը ներկայացրեց իրականացված հետազոտության մանրամասները, որոնք ներառում էին 2020-2024 թվականների և 2025 թվականի առաջին ինն ամիսների պետական բյուջեի վերլուծությունը, անդրադարձ կատարելով պլանավորված, ճշգրտված և փաստացի ցուցանիշներին, ինչպես նաև կատարողականին։

Հանդիպման երկրորդ մասում կազմակերպվեցին խմբային քննարկումներ՝ հանդիպման մասնակիցների հետ հետազոտական և վերլուծական աշխատանքների արդյունքում ձևավորված  առաջարկների վալիդացիայի, ինչպես նաև նոր առաջարկների ձևակերպման նպատակով։ Այս քննարկումը թույլ տվեց մասնակիցներին ակտիվորեն ներգրավվել սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրների վերհանման գործընթացում և մշակել գործնական առաջարկություններ, որոնք ուղղված են սոցիալական աջակցության ծրագրերի բարելավմանը։ Հավաքագրված առաջարկությունները մշակված զեկույցի հետ միասին կներկայացվեն իրավասու պետական կառույցներին՝ ոլորտում դրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով։

 

Սույն միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Բյուջետային վերլուծություն սոցիալական ոլորտում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՀԿ Կենտրոն հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: