Տեղի ունեցավ ՔՀԿ-ՓՄՁ երկխոսություն բարեգործական ոլորտի վերաբերյալ

Փետրվարի 22-ին Երևանում տեղի ունցավ «ՔՀԿ-ՓՄՁ երկխոսություն» միջոցառումը, որի շրջանակներում հանդիպում ունեցան ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ։

 

Միջոցառման նպատակն էր խորացնել համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ խթանելով փոխադարձ տեղեկացվածության բարձրացումը բարեգործության ոլորտի, դրանում բարեփոխումների հեռանկարների և առկա հնարավորությունների վերաբերյալ։

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը, ով կարևորեց, որ մասնավոր հատվածի ներկայացուցիչները հետաքրքրված են բարեգործական ոլորտի բարելավմամբ։ Ապա նշեց,-«Ուրախ ենք, որ այսօր համատեղ քննարկելու ենք այն խնդիրներն ու հնարավորությունները, որոնք առկա են բարեգործության ոլորտի զարգացման համատեքստում փոքր և միջին բիզնեսի շրջանում»։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՓՄՁ ասոցիացիայի խորհրդի նախագահ Սամսոն Գրիգորյանը, ով կարևորեց նման հանդիպումները և ՔՀԿ-բիզնես երկխոսությունը և արդյունավետ ընթացք մաղթեց քննարկմանը։

 

 

Միջոցառման ընթացքում ՓՄՁ Ասոցիացիայի ներկայացուցիչները բարձրացրեցին այն խնդիրները, որոնց նրանք բախվել են իրենց գործունեության ընթացքում։ Մասնավորապես խոսվեց բարեգործական նպատակներով գույք նվիրաբերելու ընթացքում առաջացող խնդիրների մասին, որոնց հաճախ բախվում են բիզնեսները և բարեգործները, ովքեր ցանկանում են նվիրատվություն անել բանակին, պետական կամ մասնավոր կառույցներին ու անհատներին։  Քննարկվեցին ոլորտային այլ հարցեր ևս, օրինակ, թե ինչպե՞ս կարող են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները աջակցել ոլորտի բարելավմանը և որոնք են այն օպտիմալ լուծման տարբերակները, որոնք անհրաժեշտ է պետական կառավարման մարմիններին ջատագովել։

 

Այս ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից և աջակցում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի հաստատման կենտրոնը (ECNL) INSPIRES ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինտերնյուսի և Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի (ICNL) կողմից: Բովանդակության պատասխանատվությունը պատկանում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի կենտրոնին և ՀԿ Կենտրոնին և պարտադիր չէ, որ արտահայտի USAID-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: