Տեղի ունեցավ Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում ստեղծված երիտասարդական կենտրոնի բացումն ու «Իրազեկ բնակիչներ, հզոր համայնք» նախագծի ամփոփումը

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն մեկ տարուց ավել է իրականացնում է «Համայնքի ուժը» ծրագիրը, որի վերջին փուլում ֆինանսական աջակցություն են ստացել շահառու համայնքների նախաձեռնող խմբերն իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու նպատակով։

Ծրագրի շրջանակներում հայտարարված համայնքային դրամաշնորհային մրցույթի արդյունքում Ախթալա համայնքում իրականացվել է «Իրազեկ բնակիչներ, հզոր համայնք» նախագիծը, որի նպատակն էր Ախթալա համայնքի բակիչներին տեղական ինքնակառավարման հարցերում իրազեկ եւ հաղորդակից դարձնելը:

Ախթալա համայնքի երիտասարդների և տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների ներգրավմամբ 2022 թվականին ՀԿ Կենտրոնի կողմից կազմակերպվեցին կարողությունների զարգացման դասընթացներ մասնակցային կառավարման, փաստահեն քաղաքականությունների, ծրագրերի մշակման և կառավարման ու հարակից այլ թեմաներով։

Դասընթացների ավարտին հարտարարված դրամաշնորհային փակ մրցույթի ընթացքում Ախթալա համայնքից ներկայացվեց երկու նախագիծ, որոնք դրվեցին համայնքի բնակիչների ներգրավմամբ քվեարկության www.akhtala.am համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում ներդրված «Մասնակցել համայնքի զարգացմանը» գործիքի միջոցով։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց և հանձնաժողովի կողմից էլ դրական եզրակացություն ստացավ «Իրազեկ բնակիչներ, հզոր համայնք» նախագիծը, որն էլ իրականացվեց նախաձեռնող երիտասարդների և ՏԻՄ-ի համատեղ ջանքերով։

 

«Յուրաքանչյուր համայնքում բնակավայրերի համաչափ զարգացումը թույլ կտա կանխել արտագաղթը, հատկապես` երիտասարդների, ովքեր հայրենի բնակավայրում չտեսնելով որեւէ հեռանկար ձգտում են հաստատվել մայրաքաղաքում կամ արտերկրում։ Բայց այն հզոր ներուժը, որ ունեն մեր երիտասարդները կարող են օգտագործել հենց իրենց բնակավայրերում եւ համայնքում։ Հետեւաբար, իսկապես կարեւոր է երիտասարդների կարողությունների զարգացումն ու հզորացումը խթանել տեղում` ներգրավելով նրանց համայնքի զարգացման գործընթացներին։ Հարկ է նշել, որ երիտասարդ սերնդի՝ սեփական համայնքի կարիքների լուծմանն ուղղված նախաձեռնություններում ընդգրկվածությունը պատասխանատվություն է ձեւավորում ցանկացած մեծ ու փոքր խնդրի նկատմամբ: Սա է ապագա լիարժեք քաղաքացու, համայնքի բարեփոխումներին ակտիվ մասնակից, հայրենիքը սիրող եւ սեփական հողում արարել ու ապրել ցանկացող հայրենանվեր քաղաքացու ձեւավորման հիմնական երաշխիքը: Եւ ի վերջո` յուրաքանչյուր երկիր հզոր է, եթե ունի հզոր համայնքներ ու բնակավայրեր»,- նշում է Ախթալա համայնքի տնտեսական զարգացման  պատասխանատու Ալմաստ Մամաջանյանը։

 

«Իրազեկ բնակիչներ, հզոր համայնք» նախագծի շրջանակներում Ախթալայի Շամլուղ բնակավայրում համայնքի կողմից տրամադրվել է վերանորոգված սենյակ, որը պետք է ծառայի համայնքի բնակիչների և հատկապես երիտասարդների կրթական և ժամանցային կարիքների բավարարմանը՝ զարգացնելով նրանց, որպես պատասխանատու և ներգրավված քաղաքացիներ։ «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում կենտրոնը կահավորվել է բոլոր անհրաժեշտ պարագաներով, որոնք անհրաժեշտ են երիտասարդներին իրենց ոչ ֆորմալ կրթության կազմակերպման և ժամանցի ապահովման համար։

 

«Իրազեկ բնակիչներ, հզոր համայնք» նախագծի համահեղինակներից Մանե Լատունցը նշում է,– «Ծրագիրն ինքնին կարևոր բնույթ է կրում թե՛ Ախթալա համայնքի և թե՛ մյուս համայնքների համար։ Շատ կարևոր է, որ համայնքի բնակիչները կարողանան գիտակցել համայնքում առկա խնդիրները և դրանց համար փորձել լուծման ուղիներ փնտրել՝ դրսևորելով սրտացավ և պատասխանատու վերաբերմունք։ Ըստ իս ծրագիրը շատ մեծ շարժառիթ կարող է հանդիսանալ, թե՛ համայնքի զարգացման, թե՛ երիտասարդների ակտիվացման և թե՛ բնակիչների անուղղակի ու ուղղակի մասնակցության համար։ Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ ծայրամասային բնակավայրերը «կտրված» են լինում բնականոն ու ակտիվ կյանքից, պատճառներից մեկը հենց դա է եղել՝ կենտրոնը Շամլուղում բացելու»։

 

Շամլուղում ստեղծված երիտասարդական կենտրոնի բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին, որին ներկա էին Ալավերդի համայնքի (որում ներառված է նաև նախկին Ախթալա բազմաբնակավայր համայնքը) ղեկավար Արկադի Թամազյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը, ՀԿ Կենտրոնի դրամաշնորհների ղեկավար Սյուզան Հովսեփյանը, համայնքի բնակիչներ և ակտիվ երիտասարդներ։

Արկադի Թամազյանը բացման իր խոսքում նշեց, որ համայնքը պատրաստ է միշտ աջակցելու երիտասարդներին և առհասարակ բոլոր բնակիչներին, որպեսզի նրանք ներգրավված լինեն համայնքի զարգացման և կառավարման գործընթացում, և որ գիտակցեն իրենց կարևոր դերը համայնքային կյանքում։

Իսկ ԳՄՀԸ ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը նշեց, որ իրենք միշտ պատրաստ են աջակցելու համայնքների զարգացմանն ու քաղաքացիների մասնակցության խթանմանը, քանի որ ԳՄԸՀ առաքելությունից է բխում դա։ Նա նաև նշեց, որ պատահական չէ ծրագրի անունը, որն ընտրել է ՀԿ Կենտրոնը՝ «Համայնքի ուժը», քանի որ իրոք քաղաքացիներն են համայնքի այն ուժը, որը կարող է տանել դեպի զարգացում և կայացում։

 

Ծրագրի շրջանակներում շուրջ 40 քաղաքացիների ներգրավմամբ Ախթալայում կազմակերպվել էր երկօրյա դասընթաց «Հանրային մասնակցության առցանց և օֆֆլայն գործիքները և դրանց կիրառությունը» թեմաներով։ Դասընթացներին մասնակցում էին Ախթալա համայնքի 5 բնակավայրերից ներգրավված քաղաքացիներ՝ կանայք և երիտասարդներ։

 

«Տեղական ինքնակառավարման թեմայով դասընթացի առաջին անգամ էի մասնակցում, ամբողջ պրոցեսը ինքնին շատ հետաքրքիր էր և տպավորիչ՝ լսել այն մեթոդների մասին, որոնց միջոցով կարող ենք հիմնախնդիրների վերաբերյալ մեր ձայնը լսելի դարձնել։ Իսկ այս սենյակը հենց ա՛յն էր, ինչը սկիզբ է դնելու համայնքի համախմբմանը։Սենյակը կարևոր անկյուն է, որպեսզի այստեղ հավաքվենք և համատեղ ծրագրեր, պլաններ մշակենք, համայնքային զարգացման վերաբերյալ մեր առաջարկները ներկայացնենք։ Ի վերջո մասնակցություն ունենանք տեղական ինքնակառավարման գործունեությանը և մասնակցեն համայնքի զարգացմանը»,- նշում է Մարիա Ասլիկյանը, ով 16 տարեկան է և ապրում է Շամլուղ բնակավայրում։

 

Ախթալայում կազմակերպված դասընթացի մասնակիցներից Սերժիկ Միսկարյանը, ով սովորում է Շամլուղի դպրոցում նշում է, որ տեղական ինքնակառավարման թեմայով առաջին անգամ դասընթացի մասնակցելով սկսել է հետաքրքրվել համայնքային մասնակցությամբ։ Նա կարևորում է ստացած գիտելիքների կիրառումը, որոնց արդյունքում կարող է  բացահայտել համայնքային խնդիրները և փնտրել դրանց լուծումները։

 

 

 

«Իրազեկ բնակիչներ, հզոր համայնք» ծրագիրն իրականացվել է Ախթալա համայնքի ակտիվ խմբի կողմից «Համայնքի ուժը» ծրագրի շրջանակներում տրամադրված փոքր դրամաշնորհի շրջանակներում։

«Համայնքի ուժը» ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳհամաֆինանսավորմամբ: