5 օգոստոս 2024
Լոռու Քաղաքական ակումբը գործում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության հովանու ներքո: Քաղաքական ակումբի մեկնարկը իրագործվել է Կովկասի ինստիտուտի կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ մարզերում քաղաքական ակումբների ստեղծումը» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում՝ Նիդերլանդների Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է Հայաստանի սահմանամերձ մարզերում հիմնել քաղաքական քննարկումների մշտական մարզային հարթակներ` միտված տեղական քաղաքացիական հասարակության հզորացմանը և արդյունավետ քաղաքական երկխոսության մեջ ներգրավմանը։ Ծրագրի սպասված արդյունքներից է մարզային բնակչության շրջանում պետական քաղաքականության տարբեր հարցերը վերլուծելու և քննարկելու մշակույթի ձևավորումը:
Գործելով տեղական ՔՀԿ-ների հովանու ներքո՝ քաղաքական ակումբները յուրաքանչյուր մարզում համախմբում են տարբեր համայնքների քաղաքացիական ծառայողների, քաղաքական ակտիվիստների, ուսանողների, երիտասարդների և մանկավարժների: Քննարկվում են տարբեր ոլորտներին առնչվող հարցեր՝ կրթական նոր չափորոշիչներ, ակադեմիական քաղաքը, սոցիալական անվտանգությունը և այլն։ Այս քննարկումներին բանախոսում են պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, կուսակցական գործիչներ, քաղաքացիական ծառայողներ, քաղաքացիական հասարակության դերակատարներ, լրագրողներ և վերլուծաբաններ: Ծրագրի վերջնարդյունքը տեղական ՔՀԿ-ների կողմից քաղաքական ակումբների շարունակական գործարկումն է, որի արդյունքում տեղական ՔՀԿ-ները ինքնուրույն կապահովեն քննարկումների շարունակականությունը՝ դրանով իսկ իրագործելով ծրագրի հիմնական նպատակը։