Ակադեմիական քաղաքի հայեցակարգը քննարկվեց Լոռու քաղաքական ակումբում

Նոյեմբերի 23-ին Լոռու քաղաքական քննարկումների ակումբը կազմակերպեց իր հինգերորդ հանդիպումը, որը նվիրված էր Ակադեմիական քաղաքի հայեցակարգին և դրա հնարավոր ազդեցություններին մարզի զարգացման վրա։

Հանդիպման հիմնական բանախոսներն էին ՀԱՀ Գործարարության և Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը և «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։

Վաչե Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ նմանատիպ ծրագրերի միջազգային փորձին, ինչպես նաև քննարկեց հայեցակարգը տեղայնացնելու հետ կապված մարտահրավերներն ու հնարավոր լուծումները։ Նա հատկապես ընդգծեց Ակադեմիական քաղաքի ստեղծման ազդեցությունը մարզերի տնտեսական և կրթական զարգացման վրա։

Արամ Փախչանյանը ներկայացրեց գիտական հանրության վրա սպասվող հնարավոր ազդեցությունները։ Նա անդրադարձավ նաև Երևանին և մարզերին սպառնացող ռիսկերին՝ նշելով, որ ներկայումս դեռևս բացակայում է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի մանրամասն ծրագիրը։

Միջոցառմանը ներկա էին հյուրեր Նիդեռլանդների դեսպանատնից, «Մարդու իրավունքների միջազգային իրավական կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ապագա առաջնորդների ակադեմիա» ծրագրի մասնակիցներ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Քննարկման երկրորդ հատվածում մասնակիցները հարցեր բարձրացրին մասնավոր և միջպետական բուհերի ապագայի, մարզային բուհերին սպառնացող ռիսկերի և ծրագրի այլ հնարավոր ազդեցությունների վերաբերյալ։

 

Լոռու Քաղաքական ակումբը գործում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության հովանու ներքո: Քաղաքական ակումբի մեկնարկը իրագործվում է Կովկասի ինստիտուտի կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ մարզերում քաղաքական ակումբների ստեղծումը» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում՝ Նիդերլանդների Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ: