
Հոկտեմբերի 6-10-ը Իսպանիայի Վիտորիա-Գաստեյզ քաղաքում կայացավ Բաց Կառավարման գործընկերության Գլոբալ Գագաթնաժողովը (Open Government Partnership (OGP) Global Summit), որը համախմբեց ավելի քան 2000 մասնակից 70-ից ավելի երկրներից։
Գագաթնաժողովի նպատակն էր քննարկել, թե ինչպես կարող է բաց կառավարումը վերականգնել վստահությունը և ամրապնդել ժողովրդավարությունը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները անդրադարձան քաղաքացիների և քաղաքացիական տարածքի դերի բարձրացում որոշումների կայացման գործընթացում, կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդում, ինչպես նաև թվային գործիքների և բաց տվյալների կիրառումը նորարարության և արդյունավետ կառավարման համար։
Գագաթնաժողովի ընթացքում ընդունվեց Վիտորիա-Գաստեյզի հռչակագիրը, որը հաստատեց մոտ 160 կառավարությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և գործընկերների հանձնառությունը ժողովրդավարության, թափանցիկության և քաղաքացիական տարածքի պահպանման նկատմամբ։ Հռչակագրին ՀԿ Կենտրոնը միացել է գագաթնաժողովի առաջին օրերին։
Հայաստանյան պատվիրակության կազմում էին ինչպես պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքացիական հասարակության կառույցներ։
Գագաթնաժողովի երրորդ օրը՝ հոկտեմբերի 8-ին «Տեղական բաց կառավարում՝ ժողովրդավարությունը վերափոխելու համար» թեմայով բարձր մակարդակի քննարկմանը ելույթով հանդես է եկել նաև ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը։ Նա իր ելույթում ներկայացրել է Վանաձորի փորձը մասնակցային կառավարման ոլորտում՝ ընդգծելով, որ բաց կառավարումը չի սահմանափակվում միայն տվյալների հրապարակմամբ։ «Բաց լինելը ուղղակի աղյուսակ չէ։ Պարզապես թվեր հրապարակելը բավարար չէ։ Մարդիկ ցանկանում են ձևավորել այն որոշումները, որոնք ազդում են իրենց առօրյա կյանքի վրա », – նշեց նա։
2024 թվականին Վանաձորում մեկնարկեց մասնակցային բյուջետավորման ծրագիր, որի միջոցով բնակիչները հնարավորություն ստացան ներկայացնել իրենց նախագծային առաջարկները, քվեարկել առցանց և վերահսկել բյուջետային միջոցների ծախսմանը։ Այս գործընթացի արդյունքում կառուցվեցին ներառական մանկապարտեզներ, ստեղծվեցին սպորտային դաշտեր և խաղահրապարակներ։ Արփինեն ընդգծեց, որ սա ոչ միայն նորարարություն էր, այլ նաև վստահության վերականգնում․ «Առաջին անգամ շատերը զգացին․ Իմ ձայնը կարևոր է, իմ քվեն փոխեց իրավիճակը»։
Միաժամանակ, նա խոսեց առկա մարտահրավերների մասին՝ քաղաքացիների թերահավատություն, քվեարկության համակարգի բարդություն, որոշումների թափանցիկության խնդիրներ։ Սակայն հաջողության բանալին դարձավ քաղաքացիական հասարակության և տեղական իշխանության համագործակցությունը։ «Մենք կանգնեցինք կողք կողքի՝ ոչ թե որպես հակառակորդներ, այլ որպես վստահության համահեղինակներ», – նշեց նա։
Արփինեն իր խոսքը եզրափակեց կարևոր ուղերձով․ բաց կառավարումը քաղաքականություն չէ, այլ մշակույթ, իսկ վստահությունը չի հայտարարվում, այն վաստակվում է մասնակցության, հաշվետվողականության և համատեղ աշխատանքի միջոցով։