ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը մասնակցել է Ֆիլիպիններում կայացած Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին

Փետրվարին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան հյուրընկալեց Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովը, որը միավորեց պետական կառույցների ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակության առաջնորդներին և քաղաքականության մշակողներին՝ քննարկելու բաց կառավարման նախաձեռնությունների առաջընթացն ու տարածաշրջանի հիմնական մարտահրավերները։ Միջոցառմանը մասնակցեց նաև ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը, ով հանդես եկավ ելույթով Local Leaders Roundtable քննարկման ընթացքում՝ անդրադառնալով ԲԿԳ գործընթացում քաղաքացիական հասարակության դերին։

Հայաստանը դեռևս 2011 թվականից է անդամակցում OGP-ին՝ որդեգրելով թափանցիկության, հաշվետվողականության և քաղաքացիական մասնակցության սկզբունքները։ Արփինե Հակոբյանը իր խոսքում ընդգծեց, որ այս արժեքները դարձել են հայաստանյան տեղական ինքնակառավարման կարևոր բաղադրիչներ, ինչը հատկապես տեսանելի է Վանաձորում, Երևանում, Մեծամորում և Արմավիրում։ ԲԿԳ տեղական ցանցին միանալով՝ այդ քաղաքները նպաստել են նորարարական մեխանիզմների ներդրմանը, որոնք ապահովում են ավելի բաց և համագործակցային կառավարում։

Հայաստանում բաց կառավարման հաջող օրինակներից մեկն է մասնակցային բյուջետավորումը, որի շնորհիվ համայնքների բնակիչներն ունեն հնարավորություն ուղղակիորեն մասնակցելու ֆինանսական որոշումների կայացմանը։ Այս մեխանիզմը ոչ միայն մեծացնում է քաղաքացիական ներգրավվածությունը, այլև ամրապնդում է հանրային վստահությունը տեղական կառավարման համակարգի նկատմամբ։

Քաղաքացիական հասարակությունն այս գործընթացում առանցքային դերակատարություն ունի՝ ապահովելով թափանցիկության բարձր մակարդակ, խոցելի խմբերի ներգրավվածություն և տեղական իշխանությունների հաշվետվողականություն։

Չնայած առաջընթացին, դեռևս առկա են մարտահրավերներ, որոնք պահանջում են համակարգված լուծումներ։ Անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել քաղաքացիական մասնակցության մեխանիզմները, զարգացնել թվային գործիքները՝ քաղաքացիների ներգրավվածությունն առավել խորացնելու համար, ինչպես նաև խորացնել համագործակցությունը տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև։

Մանիլայի համաժողովը կարևոր հարթակ էր բաց կառավարման լավագույն փորձի փոխանակման, նորարարական լուծումների քննարկման և ապագա ռազմավարությունների մշակման համար։ «Բաց կառավարումը պարզապես քաղաքական գործիք չէ, այն վստահություն վերականգնելու, մարդկանց զորեղացնելու և համայնքների կյանքը բարելավելու միջոց է»,- ընդգծեց Արփինե Հակոբյանը՝ կոչ անելով կառավարություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին շարունակել համատեղ ջանքերը՝ ապահովելու համար, որ բաց կառավարումը դառնա նորմ, այլ ոչ բացառություն։