ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – կրթական կենտրոնի կառուցման ծրագրի անհնարինության վերաբերյալ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿի կողմից իրականացվող «Սպասարկման և հյուրընկալության ոլորտի մասնագիտական ՀԱԲ»-ի կառուցման ծրագրի անհնարինության վերաբերյալ

 

Հարգելի՛ գործընկերներ, համակիրներ և շահառուներ,

Տեղյակ լինելով հանրային հետաքրքրությանը՝ ՀԿ Կենտրոնը հարկ է համարում պաշտոնական պարզաբանում ներկայացնել Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհ փողոցի 45/1 հասցեում նախատեսված կրթական կենտրոնի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 

Նախապատմություն և իրավական հիմքեր

Դեռևս 2024 թվականի հոկտեմբերի 1-ին ՀԿ Կենտրոնի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջև ստորագրվեց պայմանագիր՝ Վանաձորում հյուրընկալության և սպասարկման ոլորտի մասնագիտական ուսուցման կենտրոն հիմնելու նպատակով։ Ծրագրի ողջ գործընթացն իրականացվել է բացառապես օրինականության շրջանակներում. կառուցապատման համար կազմակերպությունը 2024 և 2025 թվականների ընթացքում համապատասխանաբար ստացել էր նախագծման (թիվ ՆԹ-2031-24 և թիվ ՆԹ-1811-25) և շինարարության (թիվ ՇԹ/517/7348-25 և թիվ ՇԹ/517/15861-25) բոլոր անհրաժեշտ թույլտվությունները Վանաձորի համայնքապետարանի կողմից։

Կարևոր ենք համարում նշել, որ որևէ պետական կամ համայնքային մարմնի կողմից մենք չենք ծանուցվել, որ տվյալ շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ է հարևանների նախնական գրավոր թույլտվությունը: Այդուհանդերձ, մեր կազմակերպությունը բարի կամքի դրսևորմամբ բանավոր հաղորդակցվել էր բոլոր հարևանների հետ։ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող կից հողամասի սեփականատերը մեզ հավաստիացրել էր, որ Հայաստան վերադառնալուն պես կտա իր պաշտոնական համաձայնությունը:

 

Խնդրի ծագումը և զարգացումները

Ցավոք, 2025 թվականի նոյեմբերին, երբ արդեն մեկնարկել էին հողային և հիմքերի փորման աշխատանքները, մենք ծանուցվեցինք, որ համայնքապետարան բողոք է ներկայացվել նույն հարևանի կողմից։ Հետագայում պարզ դարձավ, որ բողոքի ներկայացման օրերին տվյալ հողամասն արդեն վաճառվել էր այլ անձի:

Այդ պահից սկսած՝ շուրջ չորս ամիս, մեր կազմակերպությունը գտնվել է ակտիվ և անընդհատ բանակցությունների մեջ։ Մենք բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել ինչպես Վանաձորի համայնքապետարանի համապատասխան ներկայացուցիչների, այնպես էլ հողամասի նոր սեփականատիրոջ հետ՝ փորձելով գտնել փոխզիջումային տարբերակներ, որոնք թույլ կտային շարունակել կրթական կենտրոնի կառուցումը և հարթել ծագած իրավական անհամապատասխանությունները։

Այնուամենայնիվ, չնայած մեր բոլոր ջանքերին և կառուցողական լուծումներ գտնելու պատրաստակամությանը, գործընթացը հանգեցրեց նրան, որ ըստ Վանաձոր համայնքի ղեկավարի 2026 թվականի փետրվարի 11-ի թիվ 320 որոշման՝ մեր նախագծման և շինարարության թույլտվությունները ճանաչվեցին ուժը կորցրած։

 

Ծրագրի դադարեցման հիմնավորումը և դրամաշնորհային միջոցների վերադարձը

Ամփոփելով ստեղծված իրավիճակը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ կրթական կենտրոնի կառուցման ծրագրի դադարեցումը պայմանավորված է բացառապես արտաքին իրավական և շահագրգիռ կողմերի կողմից հանրային շահին փոխզիջման չգնալու խոչընդոտներով։ Չնայած մեր բոլոր ջանքերին և փոխզիջումների գնալու պատրաստակամությանը, հարևանությամբ գտնվող հողամասի սեփականատիրոջ բողոքը և դրա հիման վրա Վանաձորի համայնքապետի 2026թ․ փետրվարի 11-ի որոշումը, ստեղծեցին անհաղթահարելի իրավական արգելք տվյալ հասցեում աշխատանքները շարունակելու համար։

Գիտակցելով մեր պատասխանատվությունը միջազգային գործընկերների հանդեպ և հավատարիմ մնալով թափանցիկության ու հաշվետվողականության մեր սկզբունքներին՝ ՀԿ Կենտրոնը կայացրել է դժվարին որոշում։ Քանի որ Ճապոնիայի դեսպանատան կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցները նպատակային էին և ուղղված էին կոնկրետ տեղանքում կրթական կենտրոնի կառուցմանը, իսկ ստեղծված իրավիճակում այդ ծրագրի իրականացումը դարձել է անհնարին, մենք որոշում ենք կայացրել ստացված ողջ դրամաշնորհային գումարը հետ վերադարձնել դեսպանատանը։

Այս քայլով մենք վերահաստատում ենք մեր հարգանքը գործընկերային հարաբերությունների հանդեպ և ցույց տալիս, որ մեզ համար առաջնայինը ոչ թե ֆինանսական միջոցների օգտագործումն է, այլ դրանց արդյունավետ և նպատակային ծառայեցումը համայնքի զարգացմանը։

 

Մեր հետագա քայլերը

Թեև կենտրոնի կառուցումը չի շարունակվի, մենք չենք հրաժարվում Լոռու մարզում բազմապրոֆիլ կրթական ծառայություններ մատուցելու հանձնառությունից և այդ պատճառով նախաձեռնել ենք դրամահավաք, որի արդյունքում հավաքված գումարը կավելացվի ՀԿ Կենտրոնի արդեն ունեցած ռեսուրսներին և ձեռք կբերվի կայուն և սեփական տարածք։

Հավատում ենք, որ մեր շահառուների և գործընկերների աջակցությամբ մենք կկարողանանք հաղթահարել այս փորձությունը և ավելի ամուր հիմքերի վրա դնել մեր առաքելությունը։

 

 

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ