
Այսօր՝ փետրվարի 27-ին նշում ենք այն կազմակերպությունների և անհատների օրը, ովքեր իրենց անշահախնդիր գործունեությամբ նպաստում են հասարակության զարգացմանը, արդարության հաստատմանը և քաղաքացիական արժեքների առաջմղմանը։ ՀԿ-ները կարևոր դեր են խաղում սոցիալական փոփոխությունների խթանման, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային խնդիրների լուծման գործում։
Սակայն ժամանակակից մարտահրավերները լուրջ փորձության են ենթարկում հասարակական կազմակերպություններին։ Ֆինանսավորման աղբյուրների կրճատումը, օրենսդրական սահմանափակումները և կազմակերպչական դժվարությունները խոչընդոտում են ՀԿ-ների արդյունավետ գործունեությանը։ Այս բարդ պայմաններում ՀԿ-ները շարունակում են լինել քաղաքացիների ձայնը, պաշտպանել հանրային շահերը և աջակցել խոցելի խմբերին։
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն մշտապես գործել է համոզմունքով, որ ուժեղ քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական, իրավական և կայուն պետության կարևոր նախապայմանն է։ Մեր տեսլականը քաղաքացիների մասնակցային և գիտակցված ներգրավվածությամբ հասարակություն ձևավորելն է, որտեղ յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունի նպաստելու համայնքի և պետության զարգացմանը։
Հետևողականորեն հավատարիմ մնալով այս առաքելությանը՝ ՀԿ Կենտրոնը շարունակելու է աջակցել քաղաքացիական հասարակության կառույցներին՝ տրամադրելով անհրաժեշտ մասնագիտական աջակցություն, կարողությունների զարգացման ծրագրեր և ռեսուրսներ՝ խթանելու նրանց կայունությունն ու արդյունավետությունը։
Այս խորհրդանշական օրը մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրվածությամբ ու հետևողական աշխատանքով նպաստում են հանրային շահի պաշտպանությանը և համայնքների զարգացմանը։
Ձեր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ