«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հրատարակել է «Ընտրական մոդել» կրթական ձեռնարկները։ Դրանք գործնական գործիքներ են, որոնք օգնում են երիտասարդներին սովորել ընտրական գործընթացները սիմուլյացիոն խաղի միջոցով։
Ձեռնարկները երկուսն են։
- «Ընտրական մոդել». Ազգային ժողով. մասնակիցները վերարտադրում են խորհրդարանական ընտրությունների ամբողջ ընթացքը։
- «Ընտրական մոդել». Տեղական ինքնակառավարման մարմիններ. մասնակիցները անցնում են համայնքի ավագանու ընտրությունների բոլոր փուլերը։
Երկօրյա խաղի ընթացքում 25–35 մասնակից ստանձնում են ընտրական գործընթացի հիմնական դերակատարների դերերը։ Նրանք դառնում են կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և փաստեր ստուգողներ, ընտրական հանձնաժողովի անդամներ, դիտորդներ, վստահված անձինք և ընտրողներ։ Մասնակիցները քարոզարշավ են կազմակերպում, մասնակցում բանավեճերի, քվեարկում և ամփոփում արդյունքները։ Այդ ընթացքում նրանք բախվում են իրական կյանքին մոտ իրավիճակների և լուծումներ են փնտրում ՀՀ ընտրական օրենսդրության շրջանակում։
Խաղի մեթոդաբանությունը կառուցված է «ՄԱԿ-ի մոդել» և «Մոդել Հայաստան» սիմուլյացիոն խաղերի տրամաբանությամբ։ Կրթական գործընթացը հիմնված է Դեյվիդ Քոլբի փորձառական ուսուցման մոդելի վրա. մասնակիցները նախ անմիջական փորձ են ստանում, ապա վերլուծում այն և տեսական գիտելիքը վերածում կիրառելի հմտությունների։
Ձեռնարկները նախատեսված են երիտասարդների հետ աշխատող կրթողների, դպրոցների, բուհերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և երիտասարդական խմբերի համար։ Յուրաքանչյուր ձեռնարկ ներառում է խաղն անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը.
- խաղավարի մանրամասն ուղեցույց,
- ընթերցանության նյութեր ըստ դերերի,
- պետության կամ համայնքի ելակետային անձնագիր,
- քվեաթերթիկների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևանմուշներ։
Ձեռնարկների հեղինակներն են ՀԿ Կենտրոնի հանրային կապերի ղեկավար, երիտասարդների ուսուցման և քաղաքացիական կրթության գործիքների մշակող Վահե Խաչիկյանը և ընտրական գործընթացների փորձագետ, ԿԸՀ նախագահի խորհրդական Արևիկ Նավոյանը։
Ձեռնարկները մշակվել են Նոր Ժողովրդավարության հիմնադրամի (New Democracy Fund, NDF) ֆինանսական աջակցությամբ։
Ձեռնարկները կարող եք ներբեռնել Հրատարակումներ բաժնից։