ԱԺ-ում հանդիպել են բարեգործական ոլորտի ներկայացուցիչներն ու պատգամավորները

ՀԿ Կենտրոնի կողմից ստեղծված բարեգործական ոլորտի բարեփոխումներին ուղղված ջատագովության խումբը հանդիպում է ունեցել Ազգային Ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Աննա Գրիգորյանի հետ։
Հանդիպումը նախաձեռնվել էր ՀԿ Կենտրոնի կողմից և նպատակ ուներ որոշում կայացնողների հետ քննարկել ոլորտային բարեփոխումների կարիքներն ու հնարավորությունները։

 

Ստորև նյութը ԱԺ պաշտոնական կայքից

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը եւ Աննա Գրիգորյանը հուլիսի 13-ին հանդիպել են բարեգործությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` վերջիններիս դիմումի համաձայն:

ՀԿ-ների ներկայացուցիչները մեր երկրում բարեգործության ոլորտի խնդիրներն արձանագրելու եւ համակարգելու նպատակով մշակել են փաստաթուղթ, որը ներկայացրել են պատգամավորներին: Փաստաթղթի նպատակն է պետության ու քաղաքացիական հասարակության կառույցների (ՔՀԿ) միջեւ ապահովել առարկայական երկխոսություն՝ կարեւորելով ոլորտի բարեփոխումները:

Հյուրերն առաջարկել են բարեգործության համար մշակութային բարենպաստ միջավայր ձեւավորել, քայլեր ձեռնարկել կամավորության խթանման ուղղությամբ: Բարեգործության մշակույթը խթանելու հարցում կարեւորվել են պետություն-ՔՀԿ-բիզնես համագործակցված աշխատանքը եւ երաշխիքային համակարգերի ձեւավորումը, որ անհատը հակված լինի բարեգործություն անելու:

Անդրադարձ է եղել բարեգործությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին կարգավիճակ տալու հարցին, առաջարկվել է պարզեցնել բարեգործական ծրագրերի ճանաչման ընթացակարգը: Կարեւորվել է հանրության շրջանում բարեգործական նպատակների իրազեկման արշավների իրականացումը պետության կողմից: ՔՀԿ ներկայացուցիչների գնահատմամբ պետությունը պետք է վերանայի բարեգործությամբ զբաղվող կազմակերպություններին տրվող հարկային արտոնությունները: Մտահոգիչ է եղել այն կարգավորումը, որով 115 մլն դրամի շեմն անցնելուց հետո դրամաշնորհը դիտարկվում է ծառայության մատուցում եւ այս դեպքում կիրառվում է ԱԱՀ: Նշվել է, որ միջազգային դոնորներն աշխատում են ՔՀԿ-ների հետ, սակայն հակված չեն իրենց տրամադրած դրամաշնորհների 20 տոկոսը վճարել որպես ԱԱՀ: Առաջարկվել է դրամաշնորհներն ու նվիրատվությունները չհամարել ձեռնարկատիրական եկամուտ: Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում Կառավարության ներկայացուցիչների հետ:

Էլինար Վարդանյանը կարեւորել է հանդիպումը ոլորտի պատասխանատուների հետ, ինչը կօժանդակի հարցերի թիրախային լուծմանը: Պատգամավորը խոստացել է օրենսդրական նախաձեռնություն մշակել՝ ներառելով վերոնշյալ խնդիրները:

Հանդիպման ավարտին առաջիկայում համագործակցելու եւ առաջարկները քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: