Սեպտեմբերի 13-ին Հայաստանի 6 մարզերից ժամանած ավելի քան 50 երիտասարդներ մասնակցեցին ուսումնաճանաչողական այցի Երևանում: Այս նախաձեռնությունը «Մոդել Հայաստան» կրթական ծրագրի շրջանակներում էր, որը նպատակ ունի երիտասարդներին ծանոթացնել պետական կառույցների աշխատանքին և խրախուսել նրանց ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին:
Օրվա սկզբում մասնակիցներին ողջունեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Երիտասարդները գործելիս» ծրագրի թիմի ղեկավար Անի Թորոսյանը և ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը: Նրանք ներկայացրին ծրագրի նպատակները և կարևորությունը:
Երիտասարդների առաջին կանգառը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն էր: Այստեղ նրանք հանդիպեցին ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ասպրամ Կրպեյանի հետ: Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել պատգամավորներին՝ քննարկելով համայնքային խնդիրներ, օրենսդրական կարգավորումներ և երկրի կյանքին պատասխանատու մասնակցության հարցեր:
Այցի երկրորդ մասում մասնակիցները շրջայց կատարեցին ԱԺ գրադարանում և թանգարանում, ծանոթանալով պատմական նմուշներին և ստանալով լրացուցիչ տեղեկություններ աշխատակիցներից:
Հաջորդ կանգառը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էր: Այստեղ երիտասարդներին հյուրընկալեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝
- Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը
- Նախարարի օգնական Լիանա Հովհաննիսյանը
- Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը
- Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը
- Էներգետիկայի վարչության բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը
Նախարարության ներկայացուցիչները ծանոթացրին երիտասարդներին իրենց աշխատանքի տարբեր ոլորտների հետ, ներկայացնելով տեղական ինքնակառավարման, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտների մարտահրավերներն ու հեռանկարները: Նրանք նաև խրախուսեցին երիտասարդներին ակտիվորեն մասնակցել համայնքային կյանքին և որոշումների կայացման գործընթացներին:
Երկու հանդիպումների ընթացքում էլ երիտասարդները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հուզող հարցերը: Քննարկվեցին համայնքային կյանքին քաղաքացիների մասնակցության, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և տեղական խնդիրների լուծման հարցեր:
Այս ուսումնաճանաչողական այցը կարևոր քայլ էր երիտասարդների քաղաքացիական ակտիվության խթանման և պետական կառույցների աշխատանքի մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների ներգրավմանը երկրի կառավարման գործընթացներում և խթանում են նրանց հետաքրքրությունը հանրային քաղաքականության նկատմամբ:
«Մոդել Հայաստան» երիտասարդների հզորացման ծրագիրը/խաղը իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
«Մոդել Հայաստան» երիտասարդների հզորացման ծրագիրը/խաղը իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» եռամյա ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից, և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: