Մարտի 9-ին Վանաձորի տիկնիկային թատրոնի շենքում տեղի ունեցավ «MELINEE. Մոբիլիզացնելով զորեղացած առաջնորդներին. ներառականություն, ցանցային փոխգործակցություն, ներգրավվածություն և հավասարություն» խորագրով միջազգային ֆորումը։ Այս նախաձեռնությունը Ստրասբուրգ և Վանաձոր քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևոր արդյունք է, որը նպատակ ունի խթանել կանանց ներգրավվածությունը համայնքային կյանքում և զարգացնել նրանց առաջնորդական հմտությունները։ Ֆորումը, որին մասնակցում էին շուրջ 150 ներկայացուցիչներ, կրում է հակաֆաշիստական դիմադրության լեգենդար հայուհի Մելինե Մանուշյանի անունը։
Միջոցառման հանդիսավոր բացմանը տեսաուղերձով ողջույնի խոսք հղեց Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանը՝ նշելով, որ այս ֆորումը մեծարում է այն կանանց, ովքեր ներգրավված են համայնքային կյանքում և տարբեր կառույցներում։ Նա ընդգծեց, որ հավասարությունն առաջ է գնում փորձի փոխանակման միջոցով և հույս հայտնեց, որ «Մելինեեն» կդառնա Ֆրանսիայի և Հայաստանի միջև քույրության և համագործակցության լավագույն օրինակ։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Վանաձորի համայնքապետարանի և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները։
Ֆորումի օրակարգը հագեցած էր պանելային քննարկումներով, որոնցից առաջինը նվիրված էր կանանց առաջնորդությանը և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու ճանապարհին առկա խոչընդոտներին։ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանի մոդերատորությամբ ընթացող քննարկման ժամանակ ոլորտի առաջատար մասնագետները կիսվեցին իրենց փորձով։
Երկրորդ պանելային քննարկումը կենտրոնացած էր կանանց իրավունքների այսօրվա վիճակի, նվաճումների և առաջիկա անելիքների վրա։ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի նախագահ Կարինե Դավթյանի առաջնորդմամբ խոսնակներն անդրադարձան իրավական և սոցիալական այն մարտահրավերներին, որոնց բախվում են կանայք։
Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև դիտելու «Մարի» թատերական ներկայացումը, որը հիմնված է Հովհաննես Թումանյանի «Մարո» ստեղծագործության և «Կանանց իրավունքների տան» շահառուների իրական պատմությունների վրա։ Ներկայացումը վեր էր հանում ընտանեկան բռնության, վաղ ամուսնությունների և սեռական ոտնձգությունների ցավոտ թեմաները։
Այս ֆորումը բացառիկ հարթակ է 18-ամսյա ծրագրի շրջանակներում, որն ուղղված է կանանց ինքնավստահության և առաջնորդական հմտությունների հզորացմանը թե՛ անհատական, թե՛ համայնքային մակարդակներում: Ձեր մասնակցությամբ դուք կնպաստեք ապահով միջավայրի ձևավորմանը և կանանց հզորացմանն ուղղված սոցիալական փոխակերպումների իրականացմանը:
Ծրագրի իրականացման համար իրենց ջանքերն են միավորել մի շարք կազմակերպություններ. Ստրասբուրգից ներգրավված են Կանանց և ընտանիքի իրավունքների տեղեկատվական կենտրոնը (CIDFF), Ֆրանսիացի կանանց համալսարանական շրջանավարտների ասոցիացիան և «Cité des Lionnes» միությունը։ Հայաստանյան կողմից ծրագիրն իրականացնում են «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը և «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ն։