Մարտի 18-ին Լոռու մարզի Մարց գյուղի դպրոցում ՀԿ Կենտրոնի կողմից ամփոփվեց «Մեր գյուղը և բնությունը» խորագրով շարադրությունների և նկարների բնապահպանական մրցույթը:
Նախքան մրցույթի արդյունքների ամփոփումը դպրոցի սաները՝ տնօրենի և ուսուցիչների աջակցությամբ պատրաստել էին տեղեկատվական – գեղարվեստական միջոցառում: Միջոցառման ընթացքում երեխաներն անդրադարձան բնապահպանական խնդիրներին, իրենց համայնքի բնության գեղեցկությանը և դրա պահպանման կարևորությանը:
Միջոցառումից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը, ով շնորհակալություն հայտնեց համայնքի բնակիչներին և դպրոցի տնօրինությանը՝ մրցույթի կայացմանն աջակցելու համար: Ապա մրցույթի և հետագա անելիքների մասին առավել մանրամասն խոսեց «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» ծրագրի Լոռու մարզային համակարգող Սյուզան Հովսեփյանը՝ անդրադառնալով ծրագրի նպատակին, ընթացքին, հետագա քայլերին, մրցույթի անցկացման և ընտրության ընթացակարգին:
Միջոցառմանը ներկա էին նաև մրցութային աշխատանքները գնահատող ժյուրիի անդամները, համայնքի վարչական ղեկավարը, դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներն ու ծնողները:
Մրցույթին մասնակցել են 6-18 տարեկան երեխաներ՝ 31 աշխատանքով: Աշխատանքների գնահատումն իրականացվել է անկախ ժյուրիի կողմից: Գնահատման գործընթացում անաչառության սկզբունքը պահպանելու համար ժյուրիի անդամներին աշխատանքները հանձնվել են անանուն և կոդավորված։
Միջոցառման երկրորդ մասում երեխաներին հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց աշխատանքների հիմքում ընկած գաղափարը, ասելիքը, որից հետո տեղում կատարվեց վերջնական ընտրությունը և մրցանակային տեղերի բաշխումը: Նախնական գնահատման արդյունքներին գումարվեցին գաղափարի ներկայացման համար ժյուրիի կողմից տրված միավորները: Արդյունքում 6-12 տարեկան երեխաները շարադրության և նկարների համար ստացան 10 դրամական մրցանակ, իսկ 13-18 տարեկան երեխաները՝ 7 դրամական մրցանակ: Մյուս երեխաներին, ովքեր չէին ստացել ֆինանսական մրցանակներ, ՀԿ Կենտրոնի կողմից հանձնվեցին խրախուսական մրցանակներ:
Միջոցառումը և հաջորդող մրցանակաբաշխությունը իսկական տոն դարձավ մասնակից երեխաների և ամբողջ գյուղի համար:
Սույն մրցույթն իրականացվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում։