Արարատ համայնքում տեղի ունեցավ աշխատանքային իրավունքների վերաբերյալ տեղեկատվական հանդիպում

 

Մայիսի 16-ին Արարատ համայնքում «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացվել է տեղեկատվական հանդիպում աշխատանքային իրավունքների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին Արարատի և հարակից բնակավայրերի աշխատողներ և գործատուներ, ովքեր տեղեկատվական հանդիպման ընթացքում ուղղել են իրենց հուզող հարցերը իրավաբան Շուշանիկ Իսահակյանին։

«Հանդիպմանը ներկայացվել է աշխատանքային իրավունքի վերաբերյալ հիմնական դրույթները՝ աշխատաժամանակի, արձակուրդի, ընդմիջման, փորձաշրջանի և վարձատրության վերաբերյալ աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի ընթացիկ փոփոխությունների հիմնական ուղղությունները։» – նշում է Շուշանիկ Իսահակյանը։

 

Մասնակիցներից ոմանք բարձրացրել են այնպիսի խնդիրներ, որոնց մասին քիչ են խոսվում աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների կամ պետական մարմինների զեկույցներում։

Օրինակ՝ Հանդիպմանը ներկա էին նաև Տեղական ինքնակառավարման մարմինների նախկին աշխատակիցներ, որոնց հաստիքները կրճատվել են համայքնների խոշորացման հետևանքով, սակայն նրանց որևէ այլ աշխատանք չէր առաջարկվել։

Մասնակիցները նշեցին, որ հաճախ աշխատանքային օրենսդրության խախտումները տեղի են ունենում գործատուի և աշխատողի փոխադարձ պայմանավորվածությամբ։ Այս իրավիճակի լուծումը մանսակիցներից մեկը տեսնում էր պետության կողմից ավելի լայն վերահսկողության միջոցով՝ կարևորելով Աշխատանքի և տեսչական մարմնի դերը։

 

«Հաշվի առնելով, որ աշխատանքային օրենսգրքում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, աշխատանքային իրավունքների մասին դասընթացը արդյունավետ էր և կազմակերպված ճիշտ ժամանակին։ Իրավունքների մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելուն առանձնակի օգտակար էին գործնական վարժությունները, ինչպես նաև ցուցադրված հոլովակը, որի շուրջ մասնակիցներս նաև հնարավորություն ունեցանք քննարկումներ ծավալելու և տեղայնացնելու մարզին բնորոշ խնդիրներին։»,-նշում է դասընթացի մասնակիցներից Լիլիթ Այվազյանը։

Հանդիպման մասնակիցները բախվել էին Հայաստանում լայնորեն տարածված խնդիրների, ինչպիսիք են` փորձաշրջանի և արտաժամյա աշխատանքի ժամանակ չվարձատրման, գործատուի պահանջով աշխատանքային պայմանագրի լուծման, աշխատանքային իրավունքների խախտումների կանխարգելման ուղղված անբավարար միջոցների կիրառման մասին։

 

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։