Օգոստոսի 30-ին կայացավ Լոռու քաղաքական ակումբի երկրորդ հանդիպումը ՀԿ Կենտրոնի գրասենյակում: Միջոցառման առանցքում էին կրթական ոլորտի նոր չափորոշիչները և դրանց ազդեցությունը: Միջոցառման հիմնական բանախոսներն էին կրթության ոլորտի առաջատար փորձագետ Սերոբ Խաչատրյանը և «Էվրիստա» մասնավոր դպրոցի տնօրեն և կրթության ոլորտի փորձագետ Սերինե Ավետիսյանը։ Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան 40 մասնակիցներ, որոնք հիմնականում Լոռու մարզի տարբեր դպրոցների մանկավարժներ էին։
Հանդիպման առաջին մասում Սերինե Ավետիսյանը ներկայացրեց կրթական նոր չափորոշիչների ընդունման պատմությունը, դրանց ստեղծման գործընթացն ու գաղափարական հիմքը։ Նա կարևորեց կրթական չափորոշիչների մշակման համընդհանուր մասնակցությունը և նշեց, որ դրանք ուղղված են կրթական համակարգի արդիականացմանը, որը կհամապատասխանի 21-րդ դարի պահանջներին։
Սերոբ Խաչատրյանը անդրադարձավ հանրակրթության ոլորտում իրականացված վերջին փոփոխություններին՝ առանձնացնելով դրանց հիմնական նպատակներն ու իրականացման դժվարությունները: Նա ընդգծեց, որ թեև բարեփոխումները անհրաժեշտ էին, դրանց կիրառման գործընթացում կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն: Խաչատրյանը շեշտեց, որ ոլորտում դեռ առկա են լուրջ բացեր, որոնք խոչընդոտում են կրթական համակարգի զարգացմանը և արդյունավետությանը:
Հանդիպման երկրորդ մասում մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և ներկայացնելու այն մարտահրավերները, որոնց հանդիպում են իրենց դպրոցներում նոր չափորոշիչների կիրառման ժամանակ։ Քննարկումների ընթացքում ուսուցիչները շեշտեցին նման հանդիպումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս կիսվել փորձով, հասկանալու ընդհանուր խնդիրներն ու միասին գտնել հնարավոր լուծումներ:
Հանդիպման վերջում մասնակիցները նշեցին, որ նման քննարկումները կարևոր են ոչ միայն մասնագիտական աճի համար, այլ նաև հանրակրթության ոլորտում կայուն և արդյունավետ փոփոխությունների հասնելու նպատակով։
Լոռու Քաղաքական ակումբը գործում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացմանհասարակական կազմակերպության հովանու ներքո: Քաղաքական ակումբի մեկնարկը իրագործվում էԿովկասի ինստիտուտի կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ մարզերում քաղաքականակումբների ստեղծումը» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում՝ Նիդերլանդների Թագավորությանկառավարության ֆինանսական աջակցությամբ: