Հարգելի՛ համայնքների բնակիչներ, համայնքների ղեկավարներ, ավագանիների անդամներ, տեղական ինքնակառավարման համակարգի աշխատակիցներ և գործընկերներ,
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի անունից շնորհավորում ենք ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա առթիվ։
Այս տարի օրը հատկանշական է. լրանում է 30 տարին այն օրվանից, երբ 1996 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները։ Այդ օրը համայնքների բնակիչներն առաջին անգամ իրենք ընտրեցին նրանց, ովքեր պետք է կառավարեին իրենց համայնքը։ Երեք տասնամյակ անց էլ տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության այն մակարդակն է, որն ամենամոտն է մարդուն՝ նրա փողոցին, բակին ու առօրյա հոգսերին։
Տեղական ինքնակառավարումը միայն կառուցակարգերը չեն։ Այն սկսվում է քաղաքացուց՝ այն բնակչից, որը մասնակցում է ավագանու նիստին, առաջարկում է իր համայնքի համար ծրագիր, հարց է տալիս ու պատասխան պահանջում, կամավոր աշխատում է հանուն ընդհանուր գործի։ Ուժեղ համայնքը ստեղծվում է այնտեղ, որտեղ քաղաքացին իրեն ոչ թե սպասարկվող, այլ իր համայնքի տեր ու զարգացման դերակատար է զգում, իսկ տեղական իշխանությունը բաց է նրա ձայնի, գաղափարների ու վերահսկողության համար։
Այս համոզմունքն է մեր առաքելության հիմքում։ ՀԿ Կենտրոնը կոչված է նպաստելու մասնակցային ժողովրդավարության կայացմանը՝ քաղաքացու և ինստիտուտների զորեղացմամբ։ Համայնքներում մեր աշխատանքի սկզբունքը մեկն է՝ բնակիչներին հնարավորություն տալ դառնալու իրենց համայնքի գաղափարների ու ծրագրերի իրագործողը, ազդեցություն ունենալու համայնքային կյանքի վրա և հավատալու սեփական ուժերին ու իրենց համայնքի ապագային։
1994 թվականից ի վեր ՀԿ Կենտրոնն աշխատում է Հայաստանի բոլոր մարզերի համայնքներում։ Մենք
- աջակցում ենք ՏԻՄ-երի, համայնքային քաղաքացիական խմբերի ու կազմակերպությունների կարողությունների զարգացմանը,
- խթանում ենք համայնքներում քաղաքացիական ակտիվությունը, հատկապես կանանց և երիտասարդների մասնակցությունը,
- ներդնում ենք քաղաքացիների մասնակցությունը խթանող նորարարական մոտեցումներ և մեխանիզմներ,
- զարգացնում ենք տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և մասնավոր հատվածի համագործակցությունը,
- որպես Բաց կառավարման գործընկերության տեղական նախաձեռնության մոնիթորինգի մարմին՝ հետևում ենք, որ համայնքների ստանձնած պարտավորությունները կատարվեն թափանցիկ, հաշվետու և մասնակցային ձևով։
Այս տարիներին մեր կողքին են եղել բազմաթիվ համայնքներ, ավագանու անդամներ ու համայնքների ղեկավարներ և իհարկե ակտիվ քաղաքացիներ, ովքեր բաց են եղել երկխոսության և համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ ենք ձեզ այդ վստահության համար։
Համայնքների ղեկավարներին և ՏԻ համակարգի աշխատակիցներին մաղթում ենք ուժ, իմաստուն որոշումներ և իրենց բնակիչների վստահությունը։ Համայնքների բնակիչներին մաղթում ենք, որ ձեր ձայնը լսելի լինի, իսկ ձեր նախաձեռնությունները՝ կյանքի կոչվեն։
Շարունակենք միասին աշխատել այնպիսի համայնքների համար, որտեղ յուրաքանչյուր մարդ իր համայնքի ապագան կերտողն է։
Հարգանքով՝
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ