Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառում Լոռու երիտասարդների համար․ Կանաչ հմտություններ երիտասարդներին

Օգոստոսի 27-ին ՀԿ Կենտրոնը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «The Body Shop» ապրանքանիշի հետ համատեղ Վանաձոր քաղաքի անտառում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված երիտասարդության միջազգային օրվան, որին մասնակցում էին 70-ից ավելի երիտասարդներ Լոռու մարզի շուրջ մեկ տասնյակ բնակավայրերից։

Այս տարի երիտասարդության միջազգային օրվա կարգախոսն էր՝ «Կանաչ հմտություններ երիտասարդներին»։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս միջոցառումը բաղկացած էր կրթական և ժամանցային հատվածներից։

Միջոցառման առաջին մասում ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, «ԱԿԳ Ավելի քան դեղատուն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Օֆելյա Խաչատրյանը և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը։

 

Ապա մեկնարկեց պանելային քննարկումը «Մասնագիտությունը սեռ չի ճանաչում» խորագրով։ Խոսնակները ներկայացնում էին «կանաչ» ոլորտում իրենց հաջողված փորձառությունն ու հեռանկաները՝ շեշտադրելով նաև այն հանգամանքը, թե որքանով է կարևոր, որ մասնագիտություն ընտրելիս երիտասարդները ուշադրություն չդարձնեն առկա կարծրատիպերին։

 

Պանելային քննարկման խոսնակներն էին՝

  1. Մարի Հովսեփյան, The Body Shop բրենդի մենեջեր
  2. Վրույր Այվազյան, նորարար գյուղատնտես, Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ
  3. Անուշ Սարգսյան, Փամբակ համայնքի Դեբետ գյուղի վարչական ղեկավար
  4. Էմմա Պետրոսյան, Բու լեռնահեծանվային պարկին հիմնադիր-տնօրեն
  5. Սյուզաննա Հովսեփյան, Գյուղատնտեսական ոլորտի փորձագետ

 

««Մասնագիտությունը սեռ չի ճանաչում» խորագրով պանելային քննարկումը մոտիվացրեց թե՛ ինձ, թե՛ ընկերներիս, որ անկախ սեռից մասնագիտությունները հավասար հարթակի վրա են գտնվում»,-նշում է Մարց գյուղից Ինեսան։

 

Պանելային քննարկումից հետո մասնակից երիտասարդները հնարավորություն ունեցան մասնակցելու մի շարք աշխատարանների։

Մեղրամոմից մոմերի պատրաստման աշխատարանի ընթացքում երիտասարդները հնարավորություն ստացան տեղում մասնագետների օգնությամբ պատրաստելու մոմեր, որոնց համար որպես հումք օգտագործեցին առաջնային օգտագործման համար ոչ պիտանի մեղրամոմերը։

Մի խումբ երիտասարդներ հնարավորություն ստացան մասնակցելու իլլուստրացիաների ստեղծման աշխատարանի, որի ընթացքում նախ ծանոթացան իլլուստրացիաների տարբեր ոճերին և ստեղծման առանձնահատկություններին, ապա գործնական վարժության միջոցով ստեղծեցին իրենց առաջին իլլուստրացիան։

«Շատ տպավորված եմ իլլուստրացիայի աշխատարանի ընթացքում։ Շատ հետաքրքիր էր կազմված և խոսնակը շատ պարզ և մատչելի էր բացատրում։ Սովորեցի և փորձեցի նկարչական ինձ համար նոր տեխնիկաներ»,-նշում է վանաձորցի Արտյուշը։

 

Օրվա ավարտին «Վանաձորի «Իրական դպրոց»-ի թիմի կողմից կազմակերպվեց ազգային պարի ուսուցում, ապա երեկոն շարունակվեց պարային երաժշտությամբ։

 

 

Մարց գյուղից Արամը նշում է, որ առաջին անգամ էին իրենց գյուղի երիտասարդները մասնակցում երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառման։ «Աշխատարանների ու հատկապես ազգային պարերի ուսուցման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք ինքնաբացահայտվելու և փորձելու մեզ նոր պրոցեսում։ Կարևոր էր մասնակցել միջոցառմանը, որովհետև միջոցառումից հետո վերադառձանք կարևոր գիտելիքներով, դրական էներգիայով ու նոր ընկերներ ձեռք բերած»,- նշում է Արամը։

 

 

 

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, «The Body Shop» ապրանքանիշի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և «Բու» լեռնահեծանվային պարկի համատեղ ջանքերով` «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: