Օգոստոսի 12-ին, Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախաձեռնությամբ կայացավ Վանաձորի երիտասարդական ֆորումը «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» խորագրով։ Ֆորումին մասնակցեցին երիտասարդներ, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր, որոնք միասին անդրադարձան Վանաձոր համայնքի երիտասարդության առջև ծառացած խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։
Ֆորումը բացվեց ողջունի խոսքերով։ Ներկաներին ողջունեցին Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը և ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը։ Նրանք ընդգծեցին երիտասարդների ներգրավվածության, համայնքի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի, համագործակցության և տեղական զարգացման գործում երիտասարդների ձայնի կարևորությունը։
Ողջունի խոսքերից հետո ֆորումն ընթացավ գործնական աշխատանքի ձևաչափով։ Շուրջ 100 մասնակիցներ, բաժանված խմբերով, քարտեզագրեցին Վանաձոր համայնքներում առկա երիտասարդական խնդիրները և քննարկեցին դրանց լուծմանն ուղղված հնարավոր նախաձեռնություններ։ Այս համատեղ աշխատանքը հնարավորություն տվեց երիտասարդներին ոչ միայն բարձրաձայնել իրենց մտահոգությունները, այլև ներգրավվել կոնկրետ լուծումների մշակման գործընթացում։ Առաջիկայում ՀԿ Կենտրոնի համակարգմամբ երիտասարդները հնարավորություն կունենան իրականացնելու մշակված նախաձեռնությունները։
Վանաձորի երիտասարդական ֆորումն ակնհայտ դարձրեց, որ, չնայած տարբեր միջավայրերից գալուն, երիտասարդներն ունեն ընդհանուր ձգտումներ և պատրաստակամություն են ցուցաբերում համագործակցելու իրենց համայնքի զարգացման համար։ Միջոցառումն ևս մեկ քայլ էր դեպի երիտասարդների և որոշում կայացնողների միջև կայուն երկխոսության ամրապնդում։