«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ 2021 թվականի մայիս ամիսն իրականացրել է «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրը։ Ծրագրի շահառուներն էին ՀՀ տարբեր մարզերում տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված 21 կանայք, ովքեր նախապես մասնակցել էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության զարգացման միջոցառումներին։
Ակնհայտ է, որ քաղաքացիական հասարակության (ՔՀ)՝ այդ թվում կանանց ձեռքբերումներն այսօր առավել ընդգրկուն են: ՔՀ ծավալուն դերակատարությունը թելադրված է նաեւ մերօրյա բազմաբնույթ մարտահրավերներով, որոնց արձագանքելու ջանքերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀԿ Կենտրոնն իր ներդրումն է կատարում քաղաքացիական հասարակության զարգացման գործում` կրթական, խորհրդատվական, հետազոտական, տեղեկատվական եւ կարողությունների զարգացման ծառայություններով եւ ծրագրերով: Մենք հավատում ենք, որ քաղաքացիների նպատակային եւ բանիմաց հանձնառությունը մեր հասարակության բարօրությանը նպաստող հիմնարար գործոն է: