Զեկույց. ՀՀ սոցիալական պաշտպանության ծրագրերի պլանավորումն ու իրականացումը (2020-2025 թթ.) ԼՂ տեղահանվածների սոցիալական ապահովման հիմնախնդիրների հետազոտություն

Հայաստանի Հանրապետության սոցիալական քաղաքականության արդի օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական ներառման գործընթացը։ Տեղահանված ընտանիքները բախվում են բազմաթիվ խնդիրների՝ բնակարանային ապահովումից և աշխատաշուկայում ինտեգրումից մինչև կրթական ու առողջապահական ծառայությունների հասանելիություն։ Այս խնդիրների լուծումը ոչ միայն պարտավորություն է, այլև պետական առաջնահերթություն, քանի որ այն ուղղված է սոցիալական համերաշխության ամրապնդմանը, հասարակության կայունության ապահովմանը և երկարաժամկետ զարգացման հիմքերի ձևավորմանը։

Սոցիալական աջակցության ծրագրերի ֆինանսավորման գործում առանցքային է պետական բյուջեի դերը, որն ապահովում է ծրագրերի կայունությունն ու թիրախայնությունը։ Հատկապես կարևոր է բյուջետային միջոցների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Բյուջետային թափանցիկության բարձրացումը թույլ է տալիս գնահատել ոչ միայն ծրագրերի արդյունավետությունը, այլ նաև ձևավորել հանրային վստահություն և մասնակցություն սոցիալական քաղաքականության մշակման և իրագործման գործընթացներում։

Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից իրականացվող «Բյուջետային վերլուծություն սոցիալական ոլորտում» ծրագրի շրջանակներում:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: