Հայաստանում բարեգործության ոլորտի բարեփոխումների քաղաքականության փաստաթուղթ

Բարեգործության ոլորտի զարգացման մեջ պետության դերը քննարկելիս նախ եւ առաջ հասկանում ենք առողջապահության, կրթության եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում քաղաքացու իրավունքները երաշխավորելու եւ կարիքները բավարարելու անհրաժեշտությունը։ Նույնիսկ զարգացած երկրներում, որտեղ տնտեսական եւ սոցիալական բարեկեցությունը գտնվում են զգալի մակարդակում, այնուամենայնիվ պետությունը հասկանում է, որ միայնակ չի կարող դիմակայել հանրային պահանջմունքների բավարարման որոշակի մարտահրավերներին։ Այս իմաստով կարեւորվում է ՔՀԿ-երի առաքելությունը, որոնք պետության երաշխավորությամբ եւ աջակցությամբ կարող են ստեղծել ավելի արդյունավետ եւ նվազ ծախսատար սոցիալական արժեք, քան պետությունը՝ սեփական ջանքերի դեպքում։