«Մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղ-ձեռնարկ

«Մոդել Հայաստան»-ը կրթական սիմուլյացիոն խաղ է, որի նպատակն է զարգացնել երիտասրդների ՀՀ հանրային կառավարման համակարգի իմացությունը, առաջնորդության կարողությունները, քաղաքացիական պատասխանատվության զգացումը եւ քննադատական մտածողությունը։

Սիմուլյացիոն խաղը հնարավորություն է ընձեռնում խաղի մասնակիցներին դերերի եւ հստակ նպատակների ստանձնման միջոցով պատկերացում կազմելու իրականում տվյալ դերակատարի նշանակության եւ գործառույթների վերաբերյալ՝ ստանձնելով տվյալ դերակատարի հանձնառությունը։

«Մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղ-ձեռնարկը նախատեսված է ոչ ֆորմալ ուսուցման սկզբունքներով ու մեթոդաբանությամբ կրթական նախագծեր իրականացնող փորձառու կազմակերպությունների եւ անհատ ուսուցանողների օգտագործման համար: Այստեղ զետեղված են թեմատիկ նյութեր, եւ ակնկալվում է, որ մասնակիցներին դրանք փոխանցելու համար անհրաժեշտ ուսուցանողի հիմնական ունակություններն արդեն իսկ առկա են:

«Մոդել Հայաստան» կրթական խաղ-ձեռնարկը մշակված է «ՄԱԿ մոդել» մեթոդաբանության հիմքի վրա՝ տեղայնացնելով եւ ադապտացնելով Հայաստանյան միջավայրին, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործելու մեկ ամբողջական օր մինչեւ 5-6 ժամ տեւողությամբ խաղ անցկացնելու համար։

«Մոդել Հայաստան» ձեռնարկը ներառում է երեք առանձին խաղեր, դերակատարների վերաբերյալ կրթական նյութեր եւ ցուցումներ վարողների համար։ Խաղերի նկարագրերը միատարր են՝ գրված նույն տրամաբանությամբ եւ ձեւաչափով։ Խաղերի ընդհանուր նկարագրերին հաջորդում են դերակատարների հանձնարարությունները եւ մանրամասն նկարագրությունները։

Ձեռնարկը բաղկացած է երեք հիմնական բաժիններից՝

  •  «Մոդել Հայաստան» երեք կրթական սիմուլ յացիոն խաղեր
  •  Ուսուցողական նյութեր խաղի 5 դերակատարների վերաբերյալ
  •  «Մոդել Հայաստան» խաղի կազմակերպման եւ իրականացման ցուցումներ եւ ուղեցույց խաղը վարողների համար

 

«Մոդել Հայաստան» կրթական սիմուլյացիոն խաղը ստեղծվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ի կողմից «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:

«Մոդել Հայաստանի» բովանդակությունը կազմվել է բացառապես հեղինակների պատասխանատվությամբ եւ կարող է չարտացոլել Եվրոպական միության եւ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների տեսակետները:

 

ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՅՍՏԵՂ