ՔՀԿ Չափիչ – 2021

Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմը և դրա հետևանքները զգալի ազդեցություն թողեցին Հայաստանի ընդհանուր քաղաքական, սոցիալական, տնտեսական իրավիճակի վրա՝ բացասաբար ներգործելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) միջավայրի վրա։ Պատերազմի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ սահմանափակվեց հավաքների և խոսքի ազատությունը, իսկ պատերազմի կործանարար հետևանքները՝ առաջ բերելով հումանիտար և սոցիալական ճգնաժամ, ազդեցություն թողեցին ՔՀԿ-ների գործունեության վրա։ Բազմաթիվ կազմակերպություններ փոխեցին իրենց առաջնահերթությունները՝ միջոցներ հայթայթելով հրատապ հումանիտար կարիքները բավարարելու, նոր ծառայություններ մշակելու և շահառուների նոր խմբեր ներառելու համար: ՔՀԿ-ների գործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ակտիվացավ Արցախից տեղահանված կանանց և երեխաներին աջակցություն, այդ թվում՝ սնունդ, կացարան, կրթական և առողջապահական օգնություն տրամադրելու հարցերի շուրջ: ՔՀԿ-ների հետագա նախաձեռնություններն ուղղվեցին իրենց տները կորցրած արցախցի ընտանիքների և զոհված, վիրավոր ու անհետ կորած զինվորների ընտանիքների աջակցությանը։ Ձևավորվեցին նաև նոր նախաձեռնություններ, որոնք ուղղված էին քաղաքացիների մոբիլիզացմանը՝ երկրում ստեղծված քաղաքական և սոցիալական ճգնաժամի լուծումներ գտնելու շուրջ։